ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Քրդերեն խոսելու պատճառով Թուրքիայում 7 տարում 5 մարդ է սպանվել
02:04, 12.05.2021 | mamul.am
3411 | 0

Քրդերենի և քրդական մշակույթի պահպանությանը նվիրված «Birca Bellek» կազմակերպության համանախագահ Միրզա Ռոնին համոզված է, որ Թուրքիայում քրդերենի հետապնդումները պետության հովանավորչությամբ են տեղ ունենում և փորձ է արվում վախի ուժով լռեցնել քրդերեն խոսքը։

Քուրդ ազգային կոնգրեսի՝ 2006թ․ որոշմամբ՝ ամեն տարի մայիսի 15-ը նշվում է որպես Քրդերենի տոն։ Սակայն յուրաքանչյուր անգամ այդ օրվա առթիվ Թուրքիայում նաև սաստկանում է քրդերենի ու քրդերենով խոսողների նկատմամբ անհանդուրժողականությունը։

Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ քրդերենի ուսուցիչներ չեն նշանակում դպրոցներում, որտեղ քրդերենը առանց այդ էլ ընդամենը կամընտրական առարկա է։ Քրդերեն թերթերի, ամսագրերի ու հեռուստաընկերությունների գործունեությունն արգելվում է, իսկ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների խոսքում հնչած քրդերեն արտահայտությունները արձանագրվում են որպես «անհայտ լեզու»։
Քրդական ինքնության պատճառով հետապնդումների հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ հարկադրված են լինում լքել իրենց բնակավայրերը։ Իսկ 2013թ-ից մինչ օրս Ստամբուլում, Էրզրումում, Այդընում, Անկարայում, Ադանայում, Չանաքքալեում և այլ բնակավայրերում հեռախոսով, փողոցում, ընկերոջ կամ հարազատների հետ քրդերեն խոսելու պատրվակով մի քանի տասնյակ անձինք հեռացվել են ուսումնական հաստատություններից և նույնիսկ՝ ծեծի ու զինված հարձակումների ենթարկվել։ Նման հարձակումների արդյունքում վերջին 7 տարում առնվազն 5 մարդ մահացել է, շատերն էլ ամենատարբեր վնասվածքներ են ստացել, գրում է Ermenihaber-ը։

Միրզա Ռոնիի համոզմամբ՝ քրդերենի և այն կրողների նկատմամբ անհանդուրժողականության պատճառն այն է, որ այդ երկրում ընդհանրապես չի հանդուրժվում հենց իրենց՝ քրդերի գոյությունը։ Նրա խոսքով՝ քրդերենը Միջագետքի հնագույն լեզուներից մեկն է, իսկ թուրքական պետությունում մտահոգություն կա, որ քրդերենի ընդունված լինելու, առավել ևս՝ պետական կարգավիճակ ունենալու դեպքում, բնականբար, քրդերի գոյությունը հերքել արդեն հնարավոր չի լինի։ Այդ պատճառով էլ քրդական ինքնության դեմ համառ արշավ է իրականացվում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր