ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՄԻՊ-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօրվա պնդումների վերաբերյալ
23:36, 11.05.2021 | mamul.am
3864 | 0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա պնդումների վերաբերյալ՝ կապված հայ գերիների հետ
2021 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է.
«Անցյալ տարվա նոյեմբեր ամսվա վերջին Հայաստանի զինծառայողների՝ Ադրբեջանի տարածք անօրինական ներթափանցելու, դեկտեմբեր ամսին ադրբեջանցի զինվորականների զոհվելու ու վիրավորվելու հետ կապված միջադեպերը Ադրբեջանի դեմ իրականացված ռազմական հանցագործություն են։ Ադրբեջանի հատուկ ծառայության մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում սադրիչ-դիվերսիոն գործողություն իրականացրած հայ զինծառայողներից մի քանիսը ոչնչացվել են, իսկ մի քանիսը՝ ձերբակալվել։ Ներկայումս նրանց հետ կապված քննչական գործողությունները շարունակվում են»:
Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է հայ գերիների իրավունքներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի նշված պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները:
Իրականությունն այն է, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային [մարդասիրական] իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք իրավական կարգավիճակով գերի են և պետք է ազատ արձակվեն անհապաղ՝ առանց որևէ նախապայմանի:
Այս հարցն ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով՝ որպես պատիժ:
Մինչդեռ, սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան: Գերիների ազատ արձակումը և վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների և մարդասիրական գործընթացի շրջանակում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների ու անհայտ կորածների ընտանիքների բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումը, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը:
Նրանք այս քաղաքականությամբ խախտում են գերիների իրավունքները, հոգեկան տառապանքներ են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, առաջացնում են լարվածություն հայ հասարակությունում:
Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանի իշխանության մարմինների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում։
Ուստի, հաշվի առնելով միջազգային մարմինների մարդասիրական մանդատները և դերը մարդու իրավունքների (կյանքի իրավունքն առաջնահերթ) պաշտպանության հարցում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է նրանց ուշադրությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մմիջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները խախտող նշված հայտարարությանը՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը դադարեցնելու հրատապ անհրաժեշտության հարց»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր