ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.27, EUR 553.88, RUB 6.71, GBP 656.66
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+18 °C
Փաշինյանը՝ Սև լճի տարածքում իրավիճակի մասին
11:12, 13.05.2021
9290 | 0

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ներկայացնելով Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ստեղծված իրավիճակն ասաց, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա. «Տեղյակ եք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա՝ մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:

Ինչո՞ւ է այսպես իրադրությունը:

Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ: Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:

Իհարկե, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա՝ որ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ: Դա առանձին քննարկման խնդիր է, որը, իհարկե, անպայման կդիտարկվի:

Երեկվանից քննարկվում է կամ ասվում է, որ Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց տեղեկատվությունը:

Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատականը տալը տեղի է ունեցել իրադրության գնահատում, և տրվել է ամբողջական տեղեկատվություն:

Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի: Եվ մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այն դիրքեր, որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ:

Հիմա տեղում ընթանում է աշխատանք: Այսօր կառավարության նիստից հետո կունենանք Անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, և կկայացվեն անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ:

Բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, և այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային: Պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, պետք է փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք իրադրության հանգուցալուծման համար:

Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որպեսզի ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր