ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանը պետք է պատասխան տա իր փոխարեն, ոչ միայն որպես Հայաստանի անվտանգային դաշնակից»․ Արման Բաբաջանյան
20:55, 13.05.2021 | mamul.am
3324 | 0

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի արձագանքը Հայաստանի հարավում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ավելի մեծ տագնապներ է առաջացնում։ Այդ հայտարարությունը փաստում է, որ Ռուսաստանն այս փուլում ի զորու չէ, կամ չի ցանկանում Սյունիքի մարզում ադրբեջանցիների կողմից Հայաստանի սուվերեն տարածք դիվերսիոն անցման առաջացրած լարումներից հետո իրավիճակի կառավարումը իրականացնել հայ-ռուսական երկկողմ պայմանագրի համաձայն։
Ռուսաստանն ի վիճակի՞ է ապահովել համաձայնագրի կատարումը: Այդ իմաստով փաստորեն դառնում ենք երկրորդ փաստի ականատես, որը կասկածի տակ է դնում Ռուսաստանի կամ կարողությունը, կամ էլ ցանկությունը՝ կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրի սեփական պատասխանատվությանն առնչվող քայլեր:
Ռազմագերիների հարցին զուգահեռ, ավելանում է Ադրբեջանի սադրանքների զսպման հանգամանքը, եթե, կրկնվեմ, Ռուսաստանն ինքը չունի մասնակցություն այդ սադրանքների ծրագրմանն ու դերակատարում դրանց իրականացումն ապահովելու հարցում:
Ռուսաստանը պետք է պատասխան տա իր փոխարեն, ոչ միայն որպես Հայաստանի անվտանգային դաշնակից, որն ունի որոշակի պարտավորություններ ՀՀ տարածքի անվտանգության իմաստով, այլ առաջին հերթին թերևս որպես նոյեմբերի 9-ի համաձայնագրի «միջնորդ-պատասխանատու»:
Բոլոր դեպքերում՝ չի կարողանում Ռուսաստանը, թե չի ցանկանում, աներկբա է մի բան, որ Հայաստանը պետք է առավելագույնն անի անվտանգային ռազմական և քաղաքական երաշխիքների բարձրացմանն ուղղված այլընտրանքային հնարավորություններ ձևավորելու համար, որոնք ենթադրում են ոչ միայն ներքին կարողության աստիճանի էական բարձրացմանը միտված քայլեր, այլ նաև արտաքին աջակցող հավելյալ գործընկերային մեխանիզմների ապահովման:
Ընդ որում, սեփական պատասխանատվության իրացման մեղմ ասած թերության պայմաններում այդ հարցում Հայաստանի հանդեպ Ռուսաստանից խոչընդոտի հարուցումը կարող է վկայել միայն ադրբեջանական սադրանքների ուղղակի, թե անուղղակի քաջալերման մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր