ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Սա 2018-ից ի վեր հայ-իրանական հարաբերությունների նպատակային սնանկացման արգասիքն է». Վահե Դավթյան
13:25, 14.05.2021 | mamul.am
11266 | 0

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1. ՀԱՊԿ-ին դիմելը չի տալու որևէ արդյունք, քանի որ իրեն իշխանություն համարող խմբակը նախ՝ ձախողել է հարաբերությունները կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր պետությունների հետ, մյուս կողմից՝ 2018-ին նպատակայնորեն փորձել է լուրջ վնաս հասցնել կազմակերպության վարկանիշին՝ ՀՀ սահմանադարական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելով գլխավոր քարտուղար Յու. Խաչատուրովին:
2. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայալեզու գրառումը չի տալու որևէ արդյունք, քանի որ չկա հայ-ֆրանսիական օրակարգ, իսկ տվյալ հայտարարությունն առավելապես ուղղված է ներքին լսարանին: Ֆրանսիայում հասունանում են հակաիսլամական տրամադրությունները, որոնք արտացոլում են գտնում նաև պաշտոնական հռետորաբանության մեջ: Մակրոնը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իսլամական անջատվողականության, իսլամիզմի ագրեսիվ տարածման դեմ պայքարելու մասին, ինչը ողջունվել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից: Հակաիսլամական ու, մասնավորապես, հակաթուրքական ռազմավարության հիմքում Մակրոնը փորձում է դնել քաղաքակրթական բաղադրիչը, ինչով և պայմանավորված է Հայաստանին ուղղված աջակցության խոսքերը (ինչի համար երախտապարտ ենք): Ավաղ, Հայաստանի փնթի իշխանությունները ի վիճակի չեն ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական կոնյուկտուրան՝ դրանում դիրքավորվելու ու դիվիդենտ շահելու համար:
3. Հատկանշական է նաև, որ լուռ է պաշտոնական Թեհրանը, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի հարավում տեղի ունեցող զարգացումները մեծ հաշվով ուղղված են հենց Իրանի դեմ: Այլևս չդիտարկելով Հայաստանը որպես սուբյեկտ՝ Թեհրանը, հավանաբար, տրամադրված է իր հյուսիսային սահմաններին տեղի ունեցող գործընթացները կարգավորել անմիջապես Բաքվի ու Անկարայի հետ, ինչի ուղղությամբ հատուկ ծառայությունների մակարդակով աշխատանքները, վստահաբար, սկսվել են: Սա 2018-ից ի վեր հայ-իրանական հարաբերությունների նպատակային սնանկացման արգասիքն է:
Հ.Գ. Հունիսի 20-ին ընթանալու է պայքար ոչ թե իշխանության, նույնիսկ ոչ թե պետության վերականգնման, այլ նոր պետության կերտման համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր