ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
ԱԺ-ը միաձայն ընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարությունը
22:25, 14.05.2021 | mamul.am
3031 | 0

Ազգային ժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես, Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Նխագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0:
Հայտարարության տեքստը՝ ստորև.
«ՀՀ ԱԺ հայտարարությունը սահմանամեձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում և Գեղարքւնիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովման ուղղված հարցերի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ 2021-ի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սև լիճ տարածքի ուղղությամբ Ադրբեջանի զինուժը իբր սահմանների ճշգրտման և որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում կատարելու պատրվակով ներթափանցել է ՀՀ տարածք՝ խորանալով մի քանի կմ դեպի Վերիշեն բնակավայր: Ադրբեջանի զինուժի մի քանի հարյուր ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր որոշ հատվածներում: Հայաստանի ԱԽ մայիսի 13-ին տեղի ունեցած նիստում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է, որ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է: Ադրբեջանի զինուժի այս գործողություններն անընդունելի են Հայաստանի համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ն որևէ դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:
Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական, ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաև տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը, ՀՀ ԱԺ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը ՀՀ-ին իրավունք է վերապահում իրականացնել միջազգային իրավունքով, ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ:
ԱԺ-ը՝ որպես ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, հայտարարում է՝
Ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ-ի ժողովրդին և ինքնիշխան տարածքը պաշտպանելու նպատակով, կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքները ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր