ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Նրանք կործանելու են այն, ինչ մեր համար շատ թանկ էր». Սուրեն Սահակյան
02:10, 12.06.2021 | mamul.am
4645 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասել, որ Հայաստանի ներկա և նախկին բոլոր ղեկավարներն այս «քարոզարշավի» ընթացքում ոչնչացնում են Հայաստանի Հանրապետությունը, նշանակում է ոչինչ չասել։ Էլ արժեք, գաղափար, սրբություն չմնաց, որ նրանց ոտքերի տակով չանցնի։ Հունիսի 20-ից հետո մեր երկրում բացի բարեկամական կապերը, մի քաղաքացուն մյուսի հետ կապող ոչ մի այլ բան չի մնալու։ Իսկ եթե կապող բան չկա, ապա չկա նաև պետություն, առավել ևս՝ հանրապետություն։ Կա տարածք, որի վրա ապրում են բարոյապես ոչնչացած մարդիկ, որոնց ոչինչ չի խանգարում միմյանց հոշոտել զուտ նրա համար, որ իրենք կան, գոյություն ունեն։

2020 թվականի հոկտեմբերի 19-ին, Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ առիթ եղավ մի միտք արտահայտել։ Ռուսական զորքերն արդեն տեղակայվել էին Հայաստանի նոր սահմանների ամբողջ երկայնքով և դրա մասին խոսվում էր որպես ՀՀ անվտանգության լավ երաշխիք։ Զրույցը բերեց նրան, որ կարիք առաջացավ ասել․ «Այնպես ենք խոսում, կարծես պատերազմում պարտությունը Հայաստանին որևէ կերպ չի առնչվի։ Պարտության դեպքում Հայաստանը մխրճվելու է այնպիսի տնտեսական ու քաղաքական ճգնաժամի մեջ, որից տասնամյակներով դուրս չենք գալու»։ Ազնիվ խոսք, այն, ինչ կարող էի պատկերացնել հոկտեմբերի 19-ին, կարող է մանկական հեքիաթ թվալ նրա համեմատ, ինչ խորքային առումով տեղի է ունենում հիմա։ Ես ուզում եմ կոչ անել քաղաքացիներին, որ չսխալվեն ու իրենց վստահության քվեն տան ճգնաժամ հարուցող որևէ ուժի։ Նրանք կործանելու են այն, ինչ մեր համար շատ թանկ․․․ էր։ ԶՐՈ քվե ճգնաժամին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր