ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի C-400-ի հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը: «Ռուսաստանը Թուրքիայի հետ տարաձայնություններ ունի որոշ հարցերում, ուստի հետաքրքիր հնարավորություն կլինի նրա (Բայդենի) համար՝ Էրդողանի հետ համեմատել ՌԴ-ի դիտարկումները»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սալիվանը։ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները կանդրադառնան նաև երկկողմ հարաբերություններին, Սիրիային, Լիբիային, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանին: Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ բարձրացնելու է նաև Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գրում է Reuters-ը: «Մենք պետք է քննարկենք Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները»,- Ստամբուլի օդանավակայանում Էրդողանն ասել է լրագրողներին։ «Նման դիրքորոշումը մի հարցի շուրջ, որը ոչ մի ընդհանուր բան չունի ՆԱՏՕ-ի հետ, անհանգստացնում է մեզ։ Անհնար է շարունակել առանց այդ մասին Բայդենին հիշեցնելու»,- հավելել է Էրդողանը։ |