ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Էրդողանի և Ալիևի այցը Շուշի՝ մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է․ Արցախի ԱԳՆ
18:45, 15.06.2021 | mamul.am
2103 | 0

Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի սադրիչ գործողությունները, քանի որ նման այցելությունները, դրանց ընթացքում Անկարայի և Բաքվի կողմից հնչեցված գաղափարները, հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և միջնադարյան նվաճողական քաղաքականության փառաբանումը լուրջ սպառնալիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, մարտահրավեր՝ ողջ քաղաքակիրթ մարդկությանը, հարված՝ բոլոր այն կազմակերպությունների և կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Թուրքիան»,- ասվում է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր