«Ինձ այսօր մի հանդիպման ժամանակ ասացին՝ պարոն նախագահ, ձեզ ընդդիմադիր կերպարում չենք պատկերացնում․ ճի՛շտ են ասում»,- Արտաշատում հանրահավաքի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Մենք գալիս ենք իշխանությունից զրկելու, աթոռներից վռնդելու այն մարդկանց, որոնք 18 թվականին խաբել են մեր ժողովրդին․ խոստացել են խաղաղություն՝ բերել են պատերազմ և արյուն, մահեր և ավերակներ։ Մենք գալիս ենք վռնդելու այն մարդկանց, ովքեր խոստացել են, որ բերելու են սեր և համերաշխություն, բայց բերել են ատելություն և թշնամանք։ Խոստացել էին նաև, որ ձեր բոլորի կյանքը բարելավելու են, բայց բերել են գործազրկություն, աղքատություն, արտագաղթ»,- ասաց Ռ․ Քոչարյանը։ «Մենք «ո՛չ» ենք ասում այս ամենին, և մենք պատժելու ենք իրենց, պատժելու ենք ձեզ հետ միասին։ Մենք մուրճ թափահարելը մերժում ենք, մուրճ թափահարողը չի վստահում իր բռնցքին, ձեռքի ուժին և լրացուցիչ գործիք է պետք իրեն՝ իր բարդույթները հաղթահարելու համար»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։ |