ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Էրդողանն ու Ալիևը, երբ խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, «հաղթողի» քմահաճույք չէ, որ դրսևորում են». Հակոբ Բադալյան
09:55, 18.06.2021 | mamul.am
2562 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրդողանն ու Ալիևը, երբ խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, նրանք «հաղթողի» քմահաճույք չէ, որ դրսևորում են: Առիթ եմ ունեցել ասելու՝ նրանք այդ թեման բերում են հղում անելով բանակցային պատմությանը, որի շրջանակում մի քանի «վարիացիայով» քննարկվել է միջանցքի հարցը:

Եվ այդ «պատմության» մասնակից են թե՛ ԱՄՆ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան՝ Մինսկի խմբի համանախագահության բերումով: Ըստ այդմ՝ շատ կարևոր է, թե ինչպիսի դիրքորոշում ունեն այդ երկրները ներկայում: Նաև այդ պատճառով Բայդեն-Պուտին հանդիպումից օրեր առաջ գրել էի, իհարկե, որոշակիորեն պայմանական, թե արդյո՞ք կփակվի «միջանցքի» թեման: Խոսքը միայն ուղիղ իմաստի մասին չէ, որ նստեն ու փակեն, այլ այն մասին, թե արդյո՞ք նրանց համար «պատմությունն» այդ մասով կորցրել է արդիականությունը, թե ոչ:

Այդ համատեքստում է նաև, որ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է՝ միջանցքի հարց մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու: Դա այդ «պատմությունից» հրաժարվելու փորձ է: Կարգավորման ամբողջ պատմության անբարենպաստ փաթեթից հրաժարվելու փորձը չստացվեց՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների ինչ հարաբերակցության հետևանքով, ասելը շատ բարդ է, բայց չստացվեց: Հիմա, պատերազմից հետո փորձ է արվում հրաժարվել այդ «պատմության», այսպես ասած, «մնացած» դետալից, որ առաջ են մղում Էրդողանն ու Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցք»:

Գոնե դա ստացվելու համար է շատ կարևոր, որպեսզի Հայաստանում ներկայումս իշխանության չգա մարդ, կամ ուժ, որը մասնակից է եղել «միջանցքի» շուրջ քննարկումների, համենայն դեպս քանի դեռ ակնհայտ չէ, որ հարցը դուրս է բերվել օրակարգից և Ալիևի առաջ այն փակել են վերջնականապես: Եվ, գուցե հնչի տարօրինակ, բայց ունեմ հույս և տպավորություն, որ իրականում այդ ուժերը չեն էլ ուզում գան իշխանության, պարզապես պայքարում են «ընդդիմության» տեղը հնարավորինս լայն ու երկարաժամկետ ապահովելու համար: Այդ հարցում տպավորությունս գուցե սխալ է, տեսնենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր