Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը РИА Новости-ին պատասխանել է, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի ստացել։ Նրա խոսքով՝ Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են և նա չի վախենում հետևանքներից. «Ադրբեջանի դատախազությունը կարող է ինչ ասես հայտարարել, ինձ դա չի անհանգստացնում։ Ավելի լավ կլիներ, որ նրանք զբաղվեին իրենց հանցագործներով, որոնք Ղարաբաղում խախտում են մարդու իրավունքները... Ծիծաղելի է։ Ես անմեղ եմ, և խնդիրներ ունենալ չեմ կարող»,- ասել է Աբրահամյանը։ Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել: Աբրահամյանը մտադիր է դիմել միջազգային դատարաններ և պահանջել Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հետաքննություն: «Հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ հենց իրենց կդատեն»,-հավելել է Աբրահամյանը: |