ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Մենք դեռ տևական ժամանակ չենք ունենալու որակական և բովանդակային քաղաքականություն». Հակոբ Բադալյան
09:05, 21.06.2021 | mamul.am
2703 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ընտրությունն արտացոլում է եղած օբյեկտիվ պատկերը: Ընդ որում նաև, այսպես ասած, աշխարհաքաղաքական շրջանակի առումով:
Ոչ թե դուրեկան, լավ, իդեալական, երազանքի, այլ օբյեկտիվ պատկերը: Կարևոր է, որ խորհրդարանում արտացոլվի այդ պատկերը, իսկ մյուս քաղաքական ուժերն էլ անեն նույնքան օբյեկտիվ ու ամբողջական եզրահանգում՝ այդ պատկերը փոխելու, հայկական քաղաքականությանը որակական աճ բերելու ճանապարհի առնչությամբ:
Քաղաքականությունը տարիների համառ ու համբերատար աշխատանքն է, որը պահանջում է ռեսուրսների լայն շրջանակ՝ սկսած գաղափարներից, արժեքներից, մինչև այո՝ ֆինանսատնտեսական ռեսուրս: Աշխարհի որևէ երկրում ընտրությունը զերծ չէ մարդկանց նյութապես շահագրգռելու բաղադրիչից, պարզապես կան զարգացած համակարգեր, որտեղ այդ տեխնոլոգիաները փաթեթավորվում են ավելի արդիական ձեւաչափերով:
Որևէ ուժ թող հետընտրական շրջանում իրեն չմատուցի իբրև «անգետ» ժողովրդի քիմքից վեր՝ «չգնահատված ինտելեկտուալ համեմունք»: Կան հին ուժեր, որոնք ի վերջո պետք է դադարեն մասնակցել որևէ ընտրության, եթե մասնակցության ամբողջ «մեխը» մի 20 կամ 30 տարի առաջ «ճիշտ» եղած լինելն է, այն էլ մեկ մարդու ճիշտ եղած լինելը: Կան ուժեր, որոնք նոր եմ կամ համեմատաբար նոր, և պետք է դադարեն փորձել նախկին իշխանության ու նոր իշխանության թերությունները, խնդիրները կամ արատները որպես սեփական առավելություն հանրության վրա վաճառելու փորձը, թեկուզ ազգային համերաշխության հնչեղ կարգախոսների ներքո: Ձեզ կամ մարդկանց մի դրեք լուսնից իջածների տեղ, աշխատեք ձեր բովանդակային և կոնկրետ առավելություն առաջարկելու վրա:
Կան ուժեր, որոնք ունեն գաղափարական-բովանդակային առարկայականություն Հայաստանի պետական զարգացման ճանապարհների վերաբերյալ, բայց դրանք հղկված չեն, և հենց դրա համար է պետք պատրաստ լինել տարիների համառ աշխատանքի, ընդ որում պատրաստ լինելով այդ ճանապարհին շատ անհաջողությունների: Առանց դրա հնարավոր չէ:
Եվ կան ուժեր, որոնք ստեղծվեցին ընտրությունից մեկ ամիս կամ երկու ամիս առաջ: Դա ես համարում եմ քաղաքական անհամարժեքություն և ծաղր հանրության հասցեին: Եվ էդ առումով նույնիսկ կարծում եմ, որ արժե մտածել անգամ Ընտրական օրենսգրքով այդ հանգամանքը կարգավորելու մասին:
Պատրանք ունենալ պետք չէ, մենք դեռ տևական ժամանակ չենք ունենալու որակական և բովանդակային քաղաքականություն: Բայց որևէ ժամանակ դա ունենալու համար մենք պետք է եղած քաղաքականությանը վերաբերենք օբյեկտիվ, լուծումները փնտրելով ոչ թե «նվնվոցի», այլ ախտորոշման ու աշխատանքի մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր