ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.28, EUR 568.13, RUB 6.53, GBP 664.39
+24 °C, +20 °C ... +32 °C Վաղը`+29 °C
«Արցախում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները տարբեր դիտանկյուններից վերլուծելու կարիք ունեն». Տիգրան Աբրահամյան
10:10, 23.06.2021
1735 | 1

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները տարբեր դիտանկյուններից վերլուծելու կարիք ունեն։

Դրանց մեկնարկը՝ առիթը, Արցախի նախագահի՝ հայաստանյան ընտրությունների օրը, Հայաստանի իշխող ուժի գրասենյակ այցելությունն էր, մինչ այդ միջնորդավորված աջակցությունը, ինչպես նաև՝ դրան հաջորդած շնորհավորանքը, սակայն պատճառներն այլ տեղ են։

Որքան էլ Արցախի նախագահը երեկ փորձեց սրբագրել իր այցը ՀՀ իշխող ուժի գրասենյակ՝ նշելով, որ այն ճիշտ չի մեկնաբանվել, իրականում ամեն ինչ շատ պարզ է։
Արցախցիների ճնշող մեծամասնությունն իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ։

Դա վերաբերում էր և՛ ներքին խնդիրներին, և՛ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, իսկ գործող իշխանությունների վերընտրությունը կոտրել է հույսն ապագայի նկատմամբ։

ՀՀ իշխանությունների վերարտադրությունն Արցախում ուղիղ կերպով ընկալվում է Արցախի վերջնական հանձնում, արցախցիների անվտանգության համակարգի վերջնական փլուզում։

Սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ Արցախի նախագահի՝ ՀՀ իշխանություններին ուղղվող ցանկացած ժեստ, աջակցություն ներսում նման հակազդեցության է բերում։

Հ. Գ. Արցախում ստեղծված իրավիճակին մյուս ասպեկտներով կանդրադառնամ ավելի ուշ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր