ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«10 հարց ունեմ Նիկոլ Փաշինյանի թիմին». Նարեկ Սարգսյան
13:50, 23.06.2021 | mamul.am
4088 | 2

ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես 10 հարց ունեմ Նիկոլ Փաշինյանի թիմին, կառավարությանը և պատգամավորներին: Կուզեի, որ յուրաքանչյուրն ինքն իր համար պատասխաներ այս հարցերին: Պատասխանից է կախված՝ արդյո՞ք դուք կհաջողեք կառավարումը, թե կրկին փորձանք կբերեք երկրի գլխին: Որովհետև անհնար է խուսափել սխալի կրկնությունից, եթե չես ընդունում սխալը:
1. Արդյո՞ք դուք հասկացել եք, որ Արցախի կորստի պատասխանատուն եք: Որ եթե 2020-ի հոկտեմբերին, թեկուզ պատերազմի 20-25-րդ օրը ընդունեիք Լավրովի պլանը, այդ դեպքում կկարողանայինք պահել թե՛ ամբողջ Արցախը, թե՛ կխուսափեինք նոր զոհերից, թե՛ Հայաստանը կպահպաներ հակամարտող կողմի իր մանդատը: Այդ բանը չանելու պատճառով Հայաստանը պատմական կորուստ կրեց: Դուք հասկանո՞ւմ եք, որ դա չանելու պատասխանատուն և հետևաբար՝ կորուստի մեղավորը դուք եք: Այո՞, թե՞ ոչ:
2. 1995 –ի սահմանադրությունը՝ 2005-ի խմբագրությամբ հայ ժողովրդին թույլ էր տալիս ամեն 5-ամյակը մեկ ունենալ առնվազն երկու համապետական ընտրություն՝ ԱԺ ընտրություն և նախագահի ընտրություն: Հենց այդ սահմանադրությունն էր գլխավոր խոչընդոտը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հավերժ կառավարման: Սարգսյանը դա վերացրեց 2015-ին՝ լկտիաբար կեղծելով հանրաքվեն: Որ հենց այդ սահմանդրությունն էր ի վերջո, որ անուղղակիորեն թույլ տվեց հեղափոխություն անել: Դուք գիտակցո՞ւմ եք, որ ներկա սահմանադրությունը պարարտ հող է ցանկացած բռնապետի համար, որպեսզի հավերժ իշխի երկրում: Եթե սահմանադրությունը չփոխեք, սա մի ական է երկրի կայունության տակ, որը վաղ թե ուշ պայթելու է: Կիսանախագահական կառավարմանը վերադառնալու, նոր հանրաքվեի, նոր սահմանադրության անհրաժեշտությունը դուք հասկանո՞ւմ եք: Այո՞, թե՞ ոչ:
3. Ռոբերտ Քոչարյանն իր շրջապատի հետ Հայաստանի Հանրապետությունն անխնա թալանած, հսկայական ֆինանսական և մեդիա ռեսուրսներ ունեցող վտանգավոր հանցագործ է: Դուք առայժմ ունեք այնքան լեգիտիմություն, որ կարող եք արդարադատություն իրականացնել նրա նկատմամբ: Եթե չանեք, վաղ թե ուշ կրկին սպառնալու է զավթել իշխանությունը: Այս անգամ չստացվեց՝ կրկին է փորձելու: Դուք հասկանո՞ւմ եք Քոչարյանին և մյուս հանցագործների վնասազերծելու կարևորությունը: Հասկանո՞ւմ եք վտանգի աստիճանը: Հասկանո՞ւմ եք, որ դրա համար ձեզ պետք են փորձառու կադրեր, բարեփոխիչներ, մարդիկ, որոնց ձեռքը չի դողա դժվար որոշումներ ընդունելիս: Այդպիսի կադրեր կան: Նրանց պետք է ներգրավվել այլ առողջ ուժերից, որովհետև ժամանակը քիչ է: Հասկանո՞ւմ եք այդ բանը: Այո՞, թե՞ ոչ:
5. Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերը մտել են ԱԺ և ունեն հսկայական ներկայացվածություն: Նրանք գործելու են որպես մի թիմ և փորձելու են հերթով առնել ձեր խմբակցության պատգամավորներին ներքին հեղաշրջում իրականացնել. դա իրենց ոճն է: Իրենք ատում են հրապարակային ամեն ինչ, բայց սիրում են կուլիսային կիսամութի մեջ խարդավանքներ հյուսել: Դրա համար իրենք ունեն ամեն ինչ՝ մամուլ, փող և խարդավանքների հսկայական փորձ: Ձեր միջից ծախվելու են առաջին հերթին այն պատգամավորները, որոնք ձեր շարքերը գալուց առաջ մի քանի կուսակցություն են փոխել: Դուք գիտակցո՞ւմ եք այդ բանը: Դուք գիտակցո՞ւմ եք այդ վտանգի լրջության ասիճտանը: Այո՞, թե՞ ոչ:
5. Դուք վերջապես հասկացե՞լ եք, որ հեղափոխության առաջին օրից սկսած Քոչարյանը, Սարգսյանը ձեր շարքերում ունեցել են իրենց ագենտներին և դուք ի վիճակի չեք եղել նրանց հայտնաբերել և նրանք ձախողել են արդարադատության իրականացմանը, ու եթե գործեք նույն կերպ, այդ նույն ագենտները կրկին հարամելու են ամեն ինչ: Այո՞, թե՞ ոչ:
6. Դուք վերջապես հասկացե՞լ եք, որ դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, կադրերի ջարդի անհրաժեշտությունը, հանցագործ դատավորներին չեզոքացնելու անհրաժեշտությունը և այն, որ դա չանելու պատախսանատուն դուք եք: Այն, որ առանց դրա չի բացահայտվի ո՛չ մարտի մեկը, ո՛չ էլ պետական նշանակության որևէ այլ հանցագործություն: Այո՞, թե՞ ոչ:
7. Դուք վերջապես հասկացե՞լ եք սահմանադրական դատարանի բարեփոխումը կիսատ-պռատ անելու հետևանքները: Հասկացե՞լ եք կրկին, այս անգամ նորմալ բարեփոխում անելու անհրաժեշտությունը: Այո՞, թե՞ ոչ:
8. Դուք վերջապես հասկացե՞լ եք, Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդումը, որ Արցախի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքերում է: Ռուսաստանը միակ գերտերությունն է, որը շահագրգռություն ունի Արցախի հարցում: Եվ այդ ֆակտորը չգիտակցելու պատճառով է նաև, որ մենք ենթարկվեցինք այս ստորացուցիչ պատությանը: Եվ որ միայն Ռուսաստանի հետ խիստ ճկուն դիվանագիտությունը թույլ կտա Արցախը պահել հայկական: Այո՞, թե՞ ոչ:
9. Դուք հասկանո՞ւմ եք, որ ցանկությունը և կարողությունը տարբեր բանեն են: Դուք վերջապես հասկացե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ բանակցություններ վարել ու եթե նոր կառավարության մեջ վարչապետի աշխատակազմում դուք չներգրավեք փորձառու դիվանագետների (Օրինակ Ժիրայր Լիպարիտյանին, կամ այդ մակարդակի այլ մասնագետի), որոնք Փաշինյանին կսովորեցնեն ում հետ ոնց խոսել, ոնց բանակցել, ինչ ասել, ինչ չասել, երբ ասել և երբ չասել, Հայաստանը ենթարկվելու է նորանոր փորձանքների: Այո՞, թե՞ ոչ:
10. Արդյոք դուք գիտակցո՞ւմ եք, որ ի տարբերություն 2018 թ.-ի ընտրությունների, այսօր Հայաստնաի հասարակության մեջ կա մի հզոր զանգված, որը ձեզ ողջ սրտով ատում է, որը երազում է ձեր կործանումը: Որ բնական այդ ատելությունը խորացել է ընդդիմադիր մանիպուլիացիաների միջոցով և պատրաստ է պայթել ամեն մի պատեհ պահի: Որ ձեր ժողովրդականության ցանկացած թուլացման դեպքում երկիրը ենթարկվելու է խայտառակ ցնցումների: Որ այն, ինչ ձեզ ներվում էր մինչև պատերազմը, այլևս չի ներվելու: Որ վրիպումներն ու սխալները ձեր ու երկրի վրա ծանր են նստելու: Արդյոք հասկանո՞ւմ եք, որ եթե հանցագործները չպատժվեն, ժողովրդավարական ինստիտուտները գործի չգցվեն և վաղ թե ուշ որևէ պատեհ պահի երկիրը կրկին ընկնի ցնցումների մեջ՝ ավերվելու է: Որ այսօր ձեր վերջին հնարավորությունն է, որ օգտագործեք ձեր լծակները և թույլ չտաք այդ բանը: Որ դրա պատասխանատուն նույնպես դուք եք: Այո՞, թե՞ ոչ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր