ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի օրն է ընկել»․ Նարինե Մկրտչյան
12:10, 23.06.2021 | mamul.am
5028 | 3

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի վիճակում կամ, ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանի օրն է ընկել: Վերջինս, ամեն կեղծված ընտրությունից հետո, քաղաքական խորհրդատվությունների անվան տակ, հանդիպում էր ընտրություններին մասնակից կուսակցությունների ղեկավար կազմի հետ: Հանդիպում էին, ձեռք սեղմում, լուսանկարվում և տարածում ԶԼՄ-ներով: Կարևոր չէ, թե ինչ էին խոսում, պարզ է՝ ոչ մի էական բան: Այստեղ կարևորը լուսանկարվելն էր և իր լեգիտիմության շուրջ պատում ստեղծելը: Ոչ մի քաղաքական խորհրդատվություն չկար: Ի վերջո, ի՞նչ քաղաքական խորհրդատվություն կարող էր իրականացնել Սերժ Սարգսյանը, եթե անգամ նրա սեփական քաղաքական թիմը տեղյակ չէր նրա հաջորդ քայլերի մասին, ուր մնաց նա տեղեկատվություն հայտներ կուսակցապետերին:
Բացակա քաղաքական մտքի և գաղափարազրկության պայմաններում կուսակցական դաշտն էլ ոչինչ չէր կարող առաջարկել: Ամենաշատը կարող էին պաշտոնի ակնարկներ արվել: Այդ հանդիպումներից մնում էին միայն լուսանկարները, որոնք քաղաքական փոփոխությունների ժամանակ օգտագործվում էին որպես վարկաբեկիչ նյութեր տվյալ կուսակցականների համար:
Այդ հանդիուպմները կազմակերպելով՝ Սերժը յուրահատուկ գաղտնազերծում էր իրականացնում, պարզելու, թե ումից վտանգ սպասել:
Նիկոլը Սերժի համբերությունը չունի. նա հստակ գծել է իր սահմանները, թե ովքերն են իր իշխանության քննադատներն ու վտանգները, և հանդիպումների համար ընտրում է իրեն մեղմորեն կամ անհասցե քննադատողներին: Դրանց պակասը չկա: Բայց Սերժն ու Նիկոլը մի նմանություն ունեն. նրանք ուզում են խանդ առաջացնել քաղաքական դաշտում, թե հանդիպման գնացողները, իմա՝ կայսերն ավելի մոտ կանգնածներն ավելի պաշտպանված կլինեն:
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պես ընտրություններ չի կեղծել, թեպետ պետական լծակները սրտի ուզածի չափով գործադրել է, և այժմ հասարակական ատելություն լայնաբուռ սերմանելուց հետո որոշել է համերաշխության պատրանք ստեղծել և հանդիպում է 0.1-1.5 տոկոս հավաքած կուսակցականների հետ՝ լուսանկարներով, ձեռքսեղմումներով:
Բայց ինչի՞ շուրջ է այդ համերաշխությունը՝ Ղարաբաղի հանձմա՞ն, Հայաստանի բզկտմա՞ն, ՀՀ անկախության կորստի՞: Մանավանդ որ, քարոզարշավն այն մասին էր, թե հնարավո՞ր է, արդյոք, Նիկոլի ավերածը վերականգնել:
Այս ամենն արդեն զզվելիորեն ծանոթ է: Եվ այդպես ընտրությունից ընտրություն: Դիրքորոշման բացակայությունը կառավարող կուսակցության քաղաքական ուղեգծի հանդեպ այն քարն է, որին պարբերաբար գայթելու են հայաստանյան բազում կուսակցապետերը:
Քաղաքական մի՛տք հայտնեք, գաղափարնե՛ր տարածեք, քաղաքական սկզբունքայնություն դրսևորեք, թե չէ լուսանկարվելով քաղաքականություն չեն կերտում:
Այս հարմարվողականությունն ու երեսպաշտությունը անվերջ տեսնելով՝ մարդ ուզում է արթնանալ կա՛մ 5–րդ դարում, կա՛մ 22-րդ դարում, որ Հայաստանը տեսնի առանց նրանց բոլորի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր