ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետական ինքնասպանություն է լինելու». Տիգրան Գրիգորյան
14:55, 23.06.2021 | mamul.am
3001 | 0

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի միտք Արցախում տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ։

1. Առանց նոր ընտրություններ անցկացնելու հնարավորության երաշխիք ունենալը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետական ինքնասպանություն է լինելու։ Հետպատերազմական փուլում Ադրբեջանի կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում, որպեսզի ԼՂՀ-ն գոյություն չունենա որպես նույնիսկ դե ֆակտո պետական միավորում։ Բաքուն ամեն կերպ փորձում է ապալեգիտիմացնել և մարգինալիզացնել արցախյան պետականության գաղափարը։ Այդ առումով Արցախի ընտրված ղեկավարին կարող է փոխարինել միայն այլ ընտրված ղեկավար։ Հակառակ դեպքում կտրականապես նվազելու է արցախյան պետականության ինչպես լեգիտիմությունը, այնպես էլ սուբյեկտայնությունը։

2. Ստեփանակերտում Հայաստանի իշխանությունների նկատմամբ թշնամաբար տրամադրված իշխող էլիտա ունենալը ևս կարող է կործանարար լինել Արցախի համար։ Հատկապես երկարաժամկետ կտրվածքով։ Ցույցերի առաջին օրը հրապարակում հավաքված մարդկանց բողոքը հուզական էր (պարզ է նաև, որ Հարությունյանի շնորհավորանքը Փաշինյանին առիթ էր, այլ ոչ թե պատճառ) և այդ առումով ընկալելի էր։ Սակայն եթե վերադառնանք ռացիոնալ դաշտ, ապա պարզ է, որ Արցախի իշխանությունները պարտավոր են նորմալ աշխատանքային հարաբերություններ ունենալ Հայաստանի իշխանությունների հետ։ Իսկ մոտ ապագայում Հայաստանում իշխանություն են լինելու Նիկոլ Փաշինյանը և իր թիմը։

3. Արցախում Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահությունը (մեղմ ասած) համատարած է։ Այս հանգամանքն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Արցախյան հասարակությունն ապրում է անորոշության պայմաններում և լուրջ մտավախություններ ունի ապագայի վերաբերյալ։ Շատերն արդեն լրջորեն մտածում են արտագաղթելու մասին։ Եթե Երևանն այս մտահոգությունները փարատելու մտադրություն ունի, ապա պետք է հստակ և ընկալելի լեզվով հայտարարի, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ գործընթաց չի կարող տեղի ունենալ Արցախի ու Արցախի բնակչության հիմնարար իրավունքների հաշվին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր