«ԱԺԲ-ն գտնում է, որ Փաշինյանի հանդիպումներն արտախորհրդարանական ուժերի հետ զուտ սեփական կարգվիճակը լեգիտիմացնելու փորձ է: Մենք մասնակից չենք դառնա մի թատրոնի, որը լիովին անարդյունք է լինելու»,- Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճի ժամանակ հայտարարեց ԱԺԲ անդամ Հայկ Մարտիրոսյանը՝ պարզաբանելով, որ չեն պատրաստվում համագործակցել Կրեմլի կողմից ուղղորդվող իշխանության հետ: Փաշինյանի հրավերն ընդունած «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը նույնպես համակարծիք է, որ իշխանությունը որոշակի չափով ուղղորդվում է պաշտոնական Մոսկվայի կողմից: Խաչատրյանը բանավեճի ընթացքում հայտարարեց, որ իրենք մտերմություն ունեն գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, իսկ ԱԺԲ-ի հետ չունեն, որովհետև այնտեղ որոշ քաղաքական գործիչներ կան, որոնք «Հանրապետություն» կուսակցության կողմից ասոցացվում են հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ: «Լուրջ եք ասո՞ւմ, շատ եմ ցավում Ձեզ համար»,- ընդհատելով Խաչատրայնի խոսքն՝ ասաց Մարտիրոսյանը: «Այո՛, լրիվ լուրջ եմ ասում: Դուք անընդհատ ասում եք, թե արևմտյան արժեքներ եք կրում, բայց ես չգիտեմ արևմտյան արժեքներ կրող մի պետություն, որը դեմ է գնում մարդու իրավունքներին և սպանություններ ու նմանատիպ այլ քայլեր արած ուժերին համարում է արևմտյան արժեքներ կրող»,- ի պատասխան ասաց Խաչատրյանը: «Դուք կրկնում եք Նաիրի Հունանյանի բառերը»,- Մարտիրոսյանի խոսքն ընդհատեց Անի Խաչատրյանը: Վերջինին ի պատասխան ԱԺԲ ներկայացուցիչն ասաց. «Ես հասկանում եմ, որ Նաիրի Հունանյանը Ձեր սիրելի պերսոնաժն է, բայց պետք չի այդ մասին անընդհատ ասել»: Եթերի ընթացքում բանավեճը վերածվեց վիճաբանության. Հայկ Մարտիրոսյանը հայտարարեց. «Էս հիմարություններն էլ չեմ կարող լսել», Անի Խաչատրյանն էլ ասաց. «Կոռեկտության մեջ մնացե՛ք»: |