ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ՍԴ-ը կասեցրել է պետական 3 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը»․ ՄԻՊ
13:20, 24.06.2021 | mamul.am
1868 | 0

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանն իմ դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։
Կառավարության վիճարկվող որոշմամբ երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների թվակազմը սահմանվել է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 20 անդամ՝ հետևյալ համամասնությամբ՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։ Այս կարգավորումներով ստացվում է, որ նշված երեք բուհերում Հայաստանի Հանրապետության վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը: Ստացվում է, որ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու:
Կարևոր արձանագրում է, որ Կառավարությունը նման փոփոխություններ նախաձեռնել էր այն դեպքում, երբ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկման առարկա է, իսկ այդ օրենքի խնդրո առարկա դրույթների սահմանադրականության վիճարկման պայմաններում նույն հարցը թիրախավորող և առավել անբարենպաստ լուծումներ պարունակող կարգավորումների ամրագրումը Կառավարության որոշմամբ խնդրահարույց է և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային առումներով:
Հատուկ արձանագրում եմ, որ դիմումով վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել: Վիճարկվող կարգավորումներն ընդունվել են դեռևս հանրային քննարկումների ժամկետը չավարտած՝ շրջանցելով դրանց քննարկման և ընդունման ընթացակարգերը:
Բացի այդ, թե՛ հանրային քննարկման դրված նախագիծը, թե՛ վիճարկվող կարգավորումները չեն ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի:
Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ և գործի ելքը չի որոշում, բայց վերաբերում է միայն որոշման գործողության կասեցմանը: Մասնավորապես, Բարձր դատարանը 2021 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-121 որոշմամբ կասեցրել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա հուլիսի 27-ին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր