ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը». Սերժ Սարգսյանի հարցազրույցը BBC-ին
23:10, 24.06.2021 | mamul.am
7643 | 1

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանին՝ խոսելով իր օրոք բանակցային գործընթացի մասին:

2018 թվականին Սարգսյանի երկրորդ նախագահական ժամկետն ավարտվեց և նա փորձեց պահպանել իշխանությունը՝ տեղափոխվելով վարչապետի աթոռ: Դրանից կարճ ժամանակ առաջ Հայաստանը նախագահական երկրից դարձավ խորհրդարանական: Հայտարարելով սահմանադրությունում փոփոխությունների մասին՝ նախագահը ասում էր, որ վարչապետ չի ընտրվելու, և խախտեց իր խոստումը, նկատում է լրատվականը:

Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ ցանկացել է մնալ իշխանության ղեկին, որովհետև Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ բանակցություններն արդեն վերջնական փուլում են եղել:

«Մենք շատ բովանդակային բանակցություններ ենք վարել, ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, որ ոչմիթիզականության կողմնակից էինք կամ ձգձգում էինք բանակցային գործընթացը։

Որևէ պարագայում ինձնից չէիք կարող լսել, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ հողերը։ Ես անգամ 2000-ին Ազգային ժողովում հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ։ Ավելի բացահայտ կարելի՞ էր միթե արտահայտել դա։ Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որպեսզի մենք չարժանանանք նման բախտի։

Ես չէի մտածում ոչ իմ վարկանիշի, ոչ պատմության մեջ մնալու մասին։ Ես մտածում էի խնդրի լուծման մասին։

Ես վարչապետ մնացի՝ ընդառաջելով գործընկերներիս հորդորներին՝ միայն հանուն նրա, որ հասցնեմ բանակցային գործընթացը մի կետի, երբ հարցի լուծումը կախված չէր լինի բանակցողի փոխարինումից։ Բայց, ցավոք սրտի, ինձ դա չհաջողվեց»,- ասել է Սարգսյանը՝ հաստատելով, որ սպասվում էր նոր փաստաթղթի ստորագրում:

Հարցին՝ ինչ կարելի էր սպասել այդ բանակցություններից, Սերժ Սարգսյանը մանրամասնել է. «Ադրբեջանցիները, իհարկե, պետք է ճանաչեին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով, որը անպայման պետք է ունենար իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում՝ առանց կամարտահայտման օրը նշելու։ Դա կլիներ մեր նվազագույն շեմը։ Մենք կպարտավորվեինք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ամուր կկապեինք երկու շրջանի վերադարձը հանրաքվեի անցկացման օրվա հետ՝ բացառությամբ միջանցքի, որն ապահովում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Կտեղակայվեին խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման գործընթաց»։

Լրագրողի հարցին՝ նախագահ Ալիևը համաձա՞յն էր, նա պատասխանել է. «Գրեթե։ Ադրբեջանի նախագահը 2016-ի աշնանը՝ ապրիլյան դեպքերից հետո, հայտարարել էր, որ փակ դռների հետևում նրան ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Սա մեկ։ Երկրորդ՝ 2020-ի պատերազմից հետո, երբ նա Լաչինի շրջանում էր, նա ասել էր, որ ենթադրվում էր՝ Լաչինն ու Քելբաջարը թողնել հայերին։ Դա իր ասածներն են։ Ալիևը կարող էր չհամաձայնել, բայց դրա համար գոյություն ունի միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Խաղաղապահները կկանգնեին մեր կողմից, և կարծում եմ՝ խնդիրը կլուծվեր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր