ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին». Արսեն Ջուլֆալակյան
10:30, 12.07.2021 | mamul.am
9209 | 0

Հունահռոմեական ոճի ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և վերջ...

Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է:

Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին:

23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, Աշխարհի գավաթակրի, Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ...

Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:

Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:

Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին:

Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները:

Շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց:

Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին, որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:

Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ Սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:

Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին:

Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան, որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:

Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին:

Հանրագումարի բերելով նվաճումները.

. Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում (Պեկին, Լոնդոն, Ռիո):

. Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ

. Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ

. Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ

. Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ

. Ունիվերսիադայի բրոնզե մեդալ

. Երիտասարդների աշխարհի չեմպիոն

. Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ

. Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն

. Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ

. ԵՊՀ Ոսկե մեդալ

. ՀՀ 2012թ. լավագույն մարզիկ

. Սպորտի վաստակավոր վարպետ

Հ .Գ. Սպորտային լրագրողներին լրացուցիչ տեղյակ կպահվի մոտակա մամլո ասուլիսի մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր