ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե պատրաստ լինենք դժվար ժամանակների, հեշտի պարագայում մի կերպ «յոլա կգնանք»». Հակոբ Բադալյան
22:30, 23.07.2021 | mamul.am
4854 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ է հնարավոր հանդիպել դիտարկումների, թե ժամանակն աշխատում է մեր օգտին, կամ՝ մեր դեմ: Ընդհանրապես բացառել ժամանակի, այսպես ասած, դրական կամ բացասական հաշվեկշռային գործոնը, թերևս, չի ստացվի: Բայց, ընդհանուր առմամբ հայտարարությունները, թե ժամանակն աշխատում է մեր օգտին, կա՛մ մեր դեմ, կա՛մ թշնամու օգտին, թշնամու դեմ, կա՛մ որևէ մեկի օգտին, կա՛մ դեմ, ըստ էության, հայտարարություն են գրեթե ոչ մի բանի մասին:

Ժամանակ ասվածը կազմված է հազարավոր մեծ ու փոքր գործոններից, որոնց եթե ոչ մեծամասնությունը, ապա առնվազն կեսն ուղղակի անկանխատեսելի են:

Օրինակ՝ որևէ մեկը չէր պատկերացնի, որ կորոնավիրուսը կարող էր փակել աշխարհը: Մինչդեռ, ասենք, արցախյան կարգավորման գործընթացում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, իհարկե, կորոնավիրուսի արգելափակման հանգամանքը խաղաց էական դեր հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի:

Հետևաբար, ժամանակն աշխատում է մեր օգտին, թե մեր դեմ, չգիտե ոչ ոք: Հիմա հարց կառաջանա, թե, էդ դեպքում, ինչո՞ւ է շտապում Ալիևը: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ իմ կարծիքով նա առանձնապես չի շտապում, պարզապես փորձում է հետևողականորեն անել այն, ինչ թելադրում է իրավիճակը: Եթե Ալիևն այսօր խոսում է, օրինակ, «միջանցքի» մասին ինտենսիվ, դա չի նշանակում անպայման, որ նա հենց այսօր կամ վաղն ակնկալում է ստանալ «միջանցք»: Շատ չմանրանալով, ասեմ՝ նա խոսում է, որովհետև երկարաժամկետը սպասարկվում է, ի վերջո, կարճաժամկետ աշխատանքով:

Եվ հետո, եթե, օրինակ, ժամանակը չի աշխատում թշնամու օգտին, դա դեռ չի նշանակում, որ աշխատում է մեր օգտին:
Ըստ այդմ՝ մեր օգտին կամ դեմ աշխատում ենք ինքներս, ու դրանով ձևավորում գալիք ժամանակի առնվազն մեր բաժինը: Հետևաբար, ավելի շատ մտածենք մեր վաղվա ռազմավարության և դրա տանող այսօրվա աշխատանքի մասին: Իսկ ռազմավարությունն էլ կառուցենք ոչ թե ժամանակը մեր օգտին աշխատելու, այլ հակառակի տրամաբանությամբ: Եթե պատրաստ լինենք դժվար ժամանակների, հեշտի պարագայում մի կերպ «յոլա կգնանք»»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր