ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Փաստ է, որ մեր տղաները խոշտանգումների և ստորացումների են ենթարկվում ադրբեջանական բանտերում». Նաիրա Զոհրաբյան
20:00, 23.07.2021 | mamul.am
2790 | 2

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական դատարանի շատ կարևոր վճիռը. Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանն այսօր 6 տարի ազատազրկման դատապարտեց 13 հայ ռազմագերու։

Նախօրեին ևս 17 ռազմագերի դատապարտվեց 6 տարի ազատազրկման։ Նրանք բոլորն իրենց պատիժը կրելու են խիստ ռեժիմի գաղութում։

Սա վատ լուրն էր։

Սակայն Եվրոպական դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշումը, եթե ճիշտ և գրագետ աշխատենք, կարող է որպես նախադեպ օգնել պաշտպանելու և վերադարձնելու հայ ռազմագերիներին։

Եվ այսպես, Ադրբեջանը 30 հազար եվրո պիտի վճարի Արթուր Բադալյանին, ով երկու տարի անցկացրել է ադրբեջանական գերության մեջ՝ ենթարկվելով խոշտանգումների։

Ըստ Եվրոպական դատարանի վճռի՝ Ադրբեջանը 2009-2011թթ. խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, ով մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

Փաստ է, որ մեր տղաները խոշտանգումների և ստորացումների են ենթարկվում ադրբեջանական բանտերում, եթե անգամ շատերն այդ մասին հրապարակավ չեն խոսում։

Եվ քանի դեռ պարզ չի, թե ո՞րն է Հայաստանում այն կառույցը, կա՛մ այն պաշտոնյան, կա՛մ պաշտոնյաները, կա՛մ այն ընդդիմադիրները, ում ծնողները կարող են դիմել գերության մեջ հայտնված իրենց որդիների համար, էն քիչ գործիչներս, որ ամեն օր զբաղվում ենք ռազմագերիների և անհետ կորածների խնդրով, պիտի փորձենք ու պիտի կարողանանք Եվրոպական դատարանի այս որոշման հիման վրա մեր ճնշումը մեծացնել և հասնել Բաքվում պահվող և խոշտանգումների ենթարկվող բոլոր ռազմագերիների վերադարձին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր