ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են». ՄԻՊ
20:24, 23.07.2021 | mamul.am
4593 | 1

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 23-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները լսելի են Կութ, Սոթք և Ազատ գյուղերում։

Ըստ տեղեկությունների՝ կրակոցներն սկսվել են ժամը 17։00-ից և որոշակի ընդհատումներով շարունակվում են նաև այս պահին, տարբեր տրամաչափի զինատեսակներից են, ինտենսիվ են և ուղղված են դեպի հայկական զինված ուժերի դիրքերը։

Ընդ որում՝ ադրբեջանական զինված ուժերի դիրքերը, օրինակ, Կութ գյուղի անմիջապես հարևանությամբ են տեղակայված՝ մոտ 3 կմ հեռավորության վրա, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:

Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Կութի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից այսօր վիրավորվել է ՀՀ զինված ուժերի երեք զինծառայող»:

Աղբյուրը` Արման Թաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր