ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մերժե՛լ մեզ պարտադրվող՝ մեր պետականությանն ուղղակի սպառնացող դավադիր ծրագիրը»․ Ա․ Բաբաջանյան
20:48, 29.07.2021 | mamul.am
6383 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել․ «Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հանցագործ բռնապետության կողմից Հայաստանի սահմանային տարբեր հատվածներում այլևս պարբերական բնույթ ստացած՝ կյանքեր խլող սադրանքների, զինված բախումների հրահրման ֆոնին Հայաստանի Հանրապետությունը պարտադրված է դիմելու Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայվեն ռուս սահամանապահների հենակետեր։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հնչեցրեց հայտարարություն, որով քննադատության ենթարկելով Ալիևի ռեժիմի կողմից տարվող՝ տարածաշրջանային և եվրոպական խաղաղությունը, անվտանգությունը և ապագան վտանգող քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, նա շրջանցեց դրանում Ռուսաստանի ծանրակշիռ գործոնն այն ամենում, ինչն իրողություններ է ձևավորում մեր տարածաշրջանում, որոնցում առանցքայինը՝ Ադրբեջանի լկտիությունն է և ցինիզմը, և հրապարակայնորեն առաջարկեց Մոսկվային՝ Հայաստանի չորս սահմաններից երեքի փաստացի հանձնում Ռուսաստանին՝ ի դիմաց ռազմական բախումների և սպառնալիքի դադարեցման։
Համոզված ենք, որ Ալիևի կոռումպացված բռնապետությունն իրեն այդ աստիճանի անբռնազբոս չէր դրսևորի, եթե իր հաշվարկներում չունենար․
ա/ Ռուսաստանի Դաշնության լռակյաց խրախուսումը և ՀԱՊԿ կոչված դաշինքի փաստացի հրաժարումն իր կողմից ստանձնած պարտավորություններից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ պաշտոնական Երևանի կողմից դրսևորվող կրավորական կեցվածքի ֆոնին, պայմանավորված վախերով Մոսկվայի հնարավոր բիրտ և անօրեն քայլերի նկատմամբ;
բ/ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ղեկավարության կաշկանդվածությունը՝ համարժեք, երկրի շահերից բխող՝ հակազդող ռազմաքաղաքական մարտավարություն և ռազմավարություն կառուցելու և կիրառելու գործում, կապված ռուսական կողմի անթաքույց և անօրինական ճնշումների հետ;
գ/ Պաշտոնական Երևանի՝ արտաքին քաղաքականությունների բազմազանեցման գաղափարի իսպառ մերժումը, ինչը նույնպես պայմանավորված է Մոսկվայի կողմից ճնշումներով, այդ թվում՝ Հայաստանի դեմ և երկրի ներսում հիբրիդային պատերազմ մղող հինգերորդ շարասյան և տեղեկատվական դիվերսիաների ամենացինիկ և անթաքույց օգտագործմամբ։
Այսու, Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ վարվող քաղաքականությունը և կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ վտանգավոր պատրանքից, թե սահմանների անվտանգությունը կարելի է ձեռք բերել երկրի ինքնիշխանության զիջմամբ։
Հանուն Հանրապետության Կուսակցությունն անընդունելի է համարում գործադիր իշխանության կողմից ցանկացած նահանջ Հայաստանի Անկախության Հռչակագրից (1990), Հայաստանի Հանրապետության Անկախության հանրաքվեի արդյունքներից (1991), մեր պետության սահմանադրական կարգի հիմունքները սահմանող՝ ՀՀ Սահմանադրության Հոդված 1-ից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և Հոդված 2-ից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ցանկացած իշխանություն օժտված չէ մանդատով՝ պարտադրանքի ներքո հանձնելու ինքնիշխանությունը օտարին։
Հանուն Հանրապետության Կուսակցությունը կոչ է անում այս բախտորոշ հարցում համախոհ քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին․
- մերժե՛լ մեզ պարտադրվող՝ մեր պետականությանն ուղղակի սպառնացող դավադիր ծրագիրը
- միատեղելով Հայաստանի, հայության և նրա իրական բարեկամ ժողովուրդների և պետությունների ողջ ներուժը՝ հրատապ կարգով ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունների բազմազանեցմանը, լիարժեքորեն իրացնել մեր՝ անկախ և ինքնիշխան պետության իրավունքները՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ ԱԽ-ում և բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր