ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
18:48, 30.07.2021 | mamul.am
4179 | 0

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար։

Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։

Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դե-էսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։

Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր