ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն». Գոհար Մելոյան
11:00, 02.08.2021 | mamul.am
3764 | 1

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր՝ օգոստոսի 2-ին, ուղիղ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն՝ հիմք ընդունելով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը։

Համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության՝ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից: Այսինքն՝ Հայաստանում ինչպես պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, այնպես էլ՝ պատգամավորին ազատությունից զրկելը կարող է կատարվել բացառապես Ազգային ժողովի որոշմամբ։

Ընդ որում՝ նշված հարցերից յուրաքանչյուրով պետք է ընդունվի առանձին որոշում։

Բացի այդ, առանձին իրավիճակներում կարող է ընդունվել դրանցից միայն մեկը։

Այսինքն՝ իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ առանձին իրավիճակի նկատմամբ 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը կիրառելի չլինի, սակայն 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը լինի կիրառելի։

1. Այսպես՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը նախատեսում է պատգամավորի անձեռնամխելիություն բացառապես քրեական հետապնդման հարուցումից, այլ ոչ թե իրականացումից։ Այսինքն՝ եթե անձը ստանձնել է Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները մինչև նրա նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, ապա դրա շարունակման համար, այսինքն՝ քրեական հետապնդման իրականացման համար Ազգային ժողովի համաձայնության այլևս անհրաժեշտ չէ։

2. Փոխարենը Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը որևէ տարբերակում չի նախատեսում, թե երբ է անձը զրկվել/զրկվում ազատությունից՝ մինչև Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստաձնելը, թե ստանձնելուց հետո։ Այն իմպերատիվ կերպով սահմանում է՝ Ազգային ժողովի պատգամավորը կարող է զրկված լինել ազատությունից բացառապես Ազգային ժողովի համաձայնությամբ։ Օրինակ՝ եթե անձը մինչև Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները ստանձնելը զրկված է եղել ազատությունից, ապա նշված լիազորությունները ստանձնելու հետո նա կարող է պահվել անազատության մեջ բացառապես Ազգային ժողովի համաձայնությամբ։

Իսկ քանի դեռ չի եղել նշված համաձայնությունը, պատգամավորը պետք է անմիջապես ազատ արձակվի։ Հակառակ դեպքում ստացվում է, որ կա ԱԺ պատգամավոր, ով անազատության մեջ է պահվում առանց ԱԺ-ի համաձայնության։

Հետևաբար, օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն»։

Աղբյուրը` Գոհար Մելոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր