ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները Նաիրի Հոխիկյանի նկատմամբ
23:12, 02.08.2021 | mamul.am
10550 | 0

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարություն է տարածել. «Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը 2021թ․ հուլիսի 29-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)` վկայի կարգավիճակով հարցաքննության, ինչի ընթացքում առգրավվել է լրագրողի բջջային հեռախոսը։

Հոխիկյանը առաջարկել է քննչական մարմնին կամովին տրամադրել իր ձեռքի տակ եղած փաստերը, սակայն ԱԱԾ ներկայացուցիչները անտեսել են լրագրողի պատրաստակամությունը և առգրավել են հեռախոսը, որում եղել են անձնական ու մասնագիտական բնույթի բազմաթիվ տեղեկություններ։ Այս առումով քննչական մարմինը, փաստորեն, խոչընդոտել է նաև լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը։

Հատկանշական է, որ Նաիրի Հոխիկյանը 2020թ․ 44-օրյա պատերազմի վերաբերյալ վավերագրական ֆիլմ և մի շարք փաստեր է հրապարակել, որոնք հանրային լայն քննարկումների առիթ են դարձել, ինչից հետո ՀՀ իշխանությունը փաստացի սկսել է հետապնդում իր մասնագիտական գործունեությունը իրականացնող լրագրողի նկատմամբ։ Առանց քրեական գործի մանրամասներին ծանոթացնելու՝ վկայի կարգավիճակով հարցաքննության կանչելը և այդ ընթացքում նրա նկատմամբ կասկածյալի կարգավիճակին հատուկ գործողություններ անելը (մեղադրական բնույթի հարցեր, անձնական իրի առգրավում) լրագրողի նկատմամբ ոչ օրինական գործողություններ և ճնշումներ են։
Նաիրի Հոխիկյանը հրապարակել է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսքերի մի շարք մանրամասներ, որոնք լույս են սփռում 44-օրյա պատերազմի մութ էջերի վրա, դրանք փաստացի ապացուցողական բազա են պարունակում, մինչդեռ ԱԱԾ-ն առգրավում է լրագրողի հեռախոսը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ՝ միաժամանակ կոչ անելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին՝ քննել և հրապարակային գնահատական տալ լրագրողի նկատմամբ պետական ուժային կառույցի արարքին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր