ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Վանեցի հայը վերաթաղել է հայկական ավերված գերեզմանատան ոսկրակտորները
22:48, 27.08.2021 | mamul.am
6577 | 2

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Տուշպա շրջանին կից Քալեջիք թաղամասում գտնվող հայկական պատմական գերեզմանատունը վերջերս շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել էր այն անձի կողմից, որը հանդես էր եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։ Շիրմաքարերը շարժվել էին, իսկ ոսկրակտորները հայտնվել հողի մակերևույթին:

Գայանե Գևորգյանը, ով ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներից է, ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանից տեղափոխվել է Վան և բնակություն հաստատել այնտեղ:
Գևորգյանն այցելել է հայկական գերեզմանատուն և վերաթաղել ցաքուցրիվ եղած ոսկրակտորները: Նա քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում արտասվելով, ասել է. «Չնայած որ 6 տարի այստեղ բնակվում եմ, այսպիսի դեպքի առաջին անգամ եմ ականատես լինում: Ինձ միշտ ասում են՝ «Հա՞յ ես: Երանի՝ չգնային, այստեղ դրախտ կլիներ (խոսքը հայերի մասին է- խմբ.)»: Դե այստեղ նայեք ու որոշեք՝ դրա՞խտ է, թե՞ դժողք: Գոնե հարգանքով վերաբերվեք մահացածներին»:

Գևորգյանը հայտնել է, որ բազմաթիվ հայեր փնտրում են իրենց պապերի գերեզմանները և հավելել.

«Նիդերլանդներից երեկ ինձ մի կին զանգահարեց և ասաց այն գյուղի անունը, որտեղ իր պապն է ապրել: Ուսումնասիրեցի. Պարզվեց՝ Արճեշում էր: Այդ կնոջ հայրը իր աղջկանից խնդրել էր, որ գտնի պապու գերեզմանը: Նրանք, ովքեր կգան այստեղ, մի օր կասեն՝ «այստեղ էին մեր պապերի շիրիմները»: Սակայն կգան ու այս տեսարանի ականատեսը կլինեն»:
Նրա փոխանցմամբ՝ հայկական գերեզմանների վրա թուրքական իշխանությունների որոշմամբ տներ պետք է կառուցվեն:

«Սրտիցս արյուն է կաթում: Նույնը անում են Ադրբեջանում հայկական գերեզմաների հետ»,- նկատել է Գևորգյանը:

Նա խնդրել է Վանի բնակչությանը, որպեսզի հետայսու չավերեն հայկական եկեղեցիներն ու գերեզմանները:

Գևորգյան նաև հռետորական հարց է բարձրացրել. «Եթե լինեին իրենց գերեզմանները, ապա ինչպե՞ս կարձագանքեին»:

Վանեցի հայը վերաթաղել է հայկական ավերված գերեզմանատան ոսկրակտորները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր