ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Թող վերադարձնեն իմ կորցրած 10 տարիները»․ ովքեր են մեղավոր նախկին զինծառայողի խեղված ճակատագրի համար
21:24, 04.09.2021 | mamul.am
9418 | 2

Առաջին խմբի զինհաշմանդամ Դավիթ Հակոբյանը երկար տարիներ փորձում է լսելի դարձնել իր ձայնը` պետական կառույցների կողմից արժանանալով միայն անտարբերության:

Դավիթը 2006-2008թթ ծառայել է Արցախում (Մարտունի 2, առաջնագիծ), այնուհետև սովորել Երևանի «Բերկուտ» թիկնապահական քոլեջում, որից հետո ծառայության անցել ՀՀ խաղաղապահ զորքերում (2011թ)։

Դավիթ Հակոբյանը՝ ծառայության տարիներին
Դավիթ Հակոբյանի զինգրքույկը

Ամբողջ պատմությունն սկսվել է այն օրից, երբ ծառայության ընթացքում որովայնի շրջանում Դավիթը ցավ է զգացել: Նրան տեղափոխել են Երևանի Առաջին հիվանդանոց, այնտեղից էլ` «Մուրացան» զինհոսպիտալ: «Հոսպիտալում կատարել են սխալ վիրահատություն: Սխալը շտկելու համար բժիշկ Գագիկ Թունյանը 7 ժամ անց կատարել է 2-րդ վիրահատությունը՝ նարկոզի կրկնակի ազդեցությամբ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով իր հետ տեղի ունեցածը, պատմում է նախկին զինծառայողը։

Վերջինի խոսքով՝ ծնողները երկու օր շարունակ չեն իմացել իր տեղը, իսկ հեռախոսը բժիշկը պահել է իր մոտ՝ Դավիթի վիրահատության մասին նույնիսկ չտեղեկացնելով նրանց: «Երկար փնտրտուքներից հետո ծնողներս եկել են «Մուրացան» հոսպիտալ և հետաքրքրվել՝ արդյոք Դավիթ Հակոբյան անուն-ազգանունով հիվանդ կա՞ այդտեղ, պատասխանել են, որ չկա։ Երբ ինձ գտել են, առաջին վիրահատությունն արդեն կատարված է եղել։ Ծնողներս ինձ տեսել են մեկ անգամ, որից հետո բժիշկը նրանց դուրս է հրավիրել՝ առաջարկելով սպասել միջանցքում։ Ողջ գիշեր ծնողներս մնացել են միջանցքում, որի ընթացքում կատարվել է այդ երկրորդ վիրահատությունը, որի մասին նրանց դարձյալ չեն տեղեկացրել»,- մանրամասնում է մեր զրուցակիցը` հավելելով, որ վիրահատությունից հետո եղել է կոմայի մեջ, իսկ գիտակցության գալով` ունեցել հիշողության կորուստ։ «Ծնողներիս ներկայացրել են, որ ունեցել եմ ստամոքսի խոց, հետո ասել են, թե եղել է աղիքային բորբոքում։ Հետազոտումից հետո պարզվել է, որ հեռացվել է լեղապարկը և աղիքից կտրվել է 10 սմ»,- ասում է նա։

«Բժիշկը հիմնական պատճառներից մեկը նշել է այն, թե ես թրոմբ եմ ունեցել, մինչդեռ ինձ մի քանի անգամ հետազոտել են առաջին հիվանդանոցում և երբևիցե թրոմբ չի հայտնաբերվել...: Երեք անգամ վիրահատել են աչքերս, ինչի պատճառով տեսողությունս վատացել է։ «Կատե» են արել. օջախը փակվելու փոխարեն, գլխիս ուռուցքը մեծանում է»,- հայտնում է Դ. Հակոբյանը։

2012թ-ին, ինչպես մեր զրուցակիցն է ներկայացնում, անշարժ վիճակում իրեն տեղափոխել են «Կարմիր խաչի» հիվանդանոց, որտեղ բուժումն ավարտելուց հետո շտապօգնության մեքենայով տարել են տուն։ Մոտ երկու տարի եղել է անկողնային վիճակում, մեկ տարի էլ, քանի որ երկրորդ վիրահատությունից հետո ձախակողմյան հատված թուլացել էր, սայլակի մեջ։

Դավիթ Հակոբյանը

Հարցին` իր հետ կատարվածի կամ արտերկիր բուժման մեկնելու հարցերով երբևէ դիմե՞լ է համապատասխան մարմիններին, և ի՞նչ պատասխան է ստացել, Դավիթն ասաց, որ բողոքներ են ներկայացրել թե՛ Ռազմական ոստիկանություն, և թե՛ ՀՀ ոստիկանության բաժին, սակայն գործին ընթացք չի տրվել, իսկ բուժման մեկնելու հարցով բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս խոստումներ են տվել:

«Առաջին անգամ ինձ ու մայրիկիս ընդունել է Սեյրան Օհանյանը և խոստացել ուղարկել Գերմանիա՝ բուժման։ Այդ նպատակով ինձ տարան «Մուրացան» հոսպիտալ, որպեսզի անցնեմ համապատասխան հետազոտությունները։ Մեկ շաբաթ պահեցին այնտեղ, ինչ-որ թուղթ տվեցին, ասացին, որ գնամ տուն, քանի որ ինձ չեն ուղարկելու Գերմանիա։ Հերթական անգամ դիմեցինք նախարարին, մեզ չընդունեց։ Այնուհետև փոխվեց ՊՆ նախարարը, եկավ Վիգեն Սարգսյանը։ Նա ևս խոստացավ, որ կուղարկեն, բայց չուղարկեցին։ Նույն խոստումը տվեց նաև Դավիթ Տոնոյանը, բայց էլի խաբեցին»,- պատմում է Դավիթը` հավելելով, որ իրեն մերժելու պատճառաբանությունը հետևյալն էր` օրենքը թույլ չի տալիս բուժում իրականացնել արտերկրում:

ՊՆ-ը բերում է հետևյալ պատճառաբանությունը. «Օտարերկրյա պետությունում բուժում ստանալու իրավունքից օգտվում են բացառապես մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթափոխություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները»:

Արտերկրում բուժում ստանալու վերաբերյալ ՊՆ պատասխանը
Արտերկրում բուժում ստանալու վերաբերյալ ՊՆ պատասխանը

«Թշնամու կողմից պիտի վիրավորում ստանայի՞, որպեսզի մտածեին իմ բուժման մասին․․․ ես այնպիսի վատ վերաբերմունքի եմ արժանացել, որ լավ էր զոհվեի, քան՝ տեսնեի այդ ամենը։ Զոհվեի, գոնե կիմանայի հանուն ինչի եմ զոհվել, ոչ թե իմ երկրի ղեկավարների կողմից արժանանայի նման արհամարհանքի, և այսօր, նրանց անտարբերության պատճառով հաշմանդամ դառնայի: Չէ՞ որ ծառայության ընթացքում եմ առողջական այս խնդիրները ձեռք բերել, չէ՞ որ դա իրենց մեղքով է եղել, ես լիովին առողջ եմ եղել նախքան ծառայության անցնելը: Ինչո՞ւ պետությունը տեր չի կանգնում իր զինվորին: Ինչո՞ւ ես պետք է իմ կյանքի երիտասարդ տարիները մաշեմ պետական կառույցների առջև խնդրանք-դիմումներ ներկայացնելով, քաշքշուկների մեջ` ենթարկվելով հալածանքների: Դե, եթե չեն ուզում օգնած լինել, թող վերադարձնեն իմ կորցրած 10 տարիները, երբ ես առողջ էի և ոչ մի խնդիր չունեի»,- ասում է երիտասարդը:

Իր խոսքով՝ նախքան ծառայության անցնելը, ոչ մի գանգատ չի ունեցել, զբաղվել է սպորտով, թիկնապահական և խաղաղապահ զորքեր ծառայության անցելուց առաջ նույնպես հետազոտվել է և դարձյալ ոչ մի խնդիր չի հայտնաբերվել: Այսպես ասած՝ հիվանդությունների փունջը ձեռք է բերել ծառայության ընթացքում` բժիշկների սխալների հետևանքով:

Սպորտի ասպարեզում Դավիթ Հակոբյանի գրանցած հաջողությունները
Առաջադիմության համար Թիկնապահական քոլեջում Դավիթ Հակոբյանի ստացած պատվոգիրը

Մեր զրուցակիցն իր զարմանքն արտահայտեց այն հանգամանքի վրա, որ բժշկական փաստաթղթերում խեղաթյուրված են տարեթվերը. «Բոլոր փաստաթղթերում տարեթվերը կեղծված են, ոչ մի տեղ նշված չէ, որ երկու անգամ են վիրահատել. ինչո՞ւ են 2011-ի փոխարել նշել 2012, ինչո՞ւ են օրգանները հեռացրել և ոչ մի տեղ չեն նշել, ինչպե՞ս է պատահել, որ գլխիս ուռուցք է առաջացել»,- հարցնում է նա` չստանալով դրանց պատասխանները:

ՄՌՏ հետազոտությունը

Պատկան մարմինների ու պաշտոնյաների ուշադրությունն իր խնդիրների վրա դարձնելու համար նա դիմել է ծայրահեղ քայլերի. մի քանի անգամ տարբեր վայրերում՝ պաշտպանության նախարարությունում և իրեն վիրահատած բժիշկ Գագիկ Թունյանի տանը ռումբի մասին կեղծ ահազանգեր է կատարել, որի համար դատապարտվել է և 16 ամիս ազատազրկվել: Բանտից դուրս գալուց հետո նա նաև հացադուլ է հայտարարել ՊՆ շենքի առջև, սակայն արդյունք չի տվել:

Մոտավորապես 2 տարի առաջ «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնում» Դավիթը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատմել իր խնդրի մասին: Վերջինս այլ պաշտոնյաների ներկայությամբ հորդորել է անհոգ լինել, գրավոր դիմում ներկայացնել` խոստանալով լուծել հարցը. մինչ օրս իր դիմումի պատասխանը Դավիթը չի ստացել: Նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես խոստացել է աջակցել, դարձյալ մոռացության է տվել:

«Վաճառելով և կորցնելով ամեն բան, ես արդեն ապրում եմ ինչպես գերի։ Հայրս վերջերս է մահացել, մայրս ունի առողջական լուրջ խնդիրներ, ես նրան խնամում եմ, ապրում ենք թոշակով։ Իմ միակ ցանկությունն այսօր բուժվելն է։ Ինձ մշտապես կանչել են ՊՆ, իբր թե հարցս լուծելու, բայց վատ վերաբերվելով, ձեռք առնելով ասել են՝ ի՜նչ ես եկել ստեղ ձևեր թափում, արա՛։ Այդտեղ են կանչել ՊՆ բուժվարչության պետին, ով ասել է. «Ինքը ոչ մի խնդիր չունի, ձև ա թափում», որից հետո պահանջել են հեռանալ` ասելով. «Գնա ստեղից, էլ էս հարցով ստեղ չգաս...»։

Դավիթն այսօր 32 տարեկան է: Նրա միակ հույսը արտերկիր գնալն է, որտեղ բուժում ստանալու մեծ հնարավորություն կա, և որտեղ հնարավոր է վերականգնել առողջությունը:

Դավիթ Հակոբյանը՝ առաջնագծում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր