ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Երկրորդ բաց նամակը՝ Առողջապահության նախարարին»․ Յուլիա Անտոնյան
10:24, 08.09.2021 | mamul.am
22838 | 2

ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկրորդ բաց նամակը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Հարգելի՛ տիկին Ավանեսյան, թույլ տվեք ևս մի անգամ բացատրել՝ ինչու ձեր գործողություններն ու հրամանները հակասահմանադրական են։
1․ Իմ մարմինը միայն իմ մարմինն է։ Առանց իմ թույլտվության ու ցանկության իմ մարմնի մեջ միջամտելու բոլոր փորձերը համարվում են բռնություն։ Անկախ նրանից, թե ինչ նպատակով են արվում։ Բացառությունը կարող է լինել իրավիճակը, երբ իմ կյանքին անմիջական մահացու վտանգ է սպառնում, իսկ ես անգիտակից եմ։ Կովիդը հաստատ այդ դեպքը չէ։
2․ Իմ անձնական եկամուտը միայն իմ անձնական եկամուտն է, և միայն ես եմ որոշում՝ ինչպես այն ծախսել։ Ես վճարում եմ բոլոր հարկերն ու տուրքերը, կարծում եմ, մնացած վաստակածս գումարը պետք է լինի իմ անձնական տրամադրության տակ։ Դուք պահանջում եք, որ ես իմ աշխատավարձի 1/6 ծախսեմ թեստերի։ Դրա իրավունքը ձեզ ոչ ոք չի վերապահել։ Այդ գումարը պատկանում է ինձ և իմ երեխաներին, որոնցից երկուսը անչափահաս են։
3․ Դուք ինձ շանտաժի եք ենթարկում՝ ձեր հրամանով վտանգի տակ դնելով նաև իմ աշխատանքի իրավունքը։ Շանտաժը քրեական հանցագործություն է։ Մարդ չպիտի սպառնալիքի և անօրինական ճնշման տակ ընտրություն կայացնի։
Այսպիսով, ես պահանջում եմ, որ ձեր՝ մեր սահմանադրական իրավունքներին հակասող հրամանը չեղարկվի։
Կարող եմ նաև ձեզ ընկերաբար բացատրել, թե ինչու ես չեմ ուզում պատվաստվել։
1․ Չեմ վստահում պատվաստանյութին, և այսօրվա տվյալները ցույց են տալիս, որ դրանք միայն մասամբ են էֆեկտիվ։ Պատվաստվելով՝ ես միևնույն է մնալու եմ պոտենցիալ վարակակիր, ինչը իմաստազրկում է այդ գործողությունը անգամ ալտրուիստական մտահղացումներից։ Հատկապես չպատվաստված ուսանողության շրջանում։
2․ Արդեն հիվանդացել եմ կովիդով ու շատ հեշտ եմ տարել։ Հետևաբար, չեմ վախենում կրկնակի հիվանդանալ։ Այնինչ, ես չգիտեմ, թե ինչպես է իմ օրգանիզմը ազդվելու պատվաստանյութից։ Եթե ես ունենամ որևէ բարդացում, հիմա կամ տարիներ անց, ո՛չ դուք, ո՛չ էլ մեկ ուրիշը պատասխան չի տալու, ոչ էլ փոխհատուցելու է։
Եվ, վերջապես, ով ռիսկի խմբում է, վախենում է հիվանդանալ, միշտ ազատ է պատվաստվելու։ Թավշյա, ոչ բռնի ձևով։ Պետականորեն արդարացված բռնությունը միայն հանցագործների դեմ օգտագործեք, ես հանցագործ չեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր