ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արմեն Սարգսյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին
12:42, 15.09.2021 | mamul.am
5061 | 0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Նախագահ Սարգսյանն ու Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել են մշակութային, գիտակրթական ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացման, ինչպես նաև նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին: Երկու երկրների միջև հումանիտար կապերի խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են երիտասարդ ստեղծագործողների, գիտնականների, արվեստի ու հասարակական գործիչների միջև համագործակցությունը, համատեղ միջոցառումների կազմակերպումը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ գալիք տարի Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, իսկ այս տարի հոկտեմբերին Դիլիջանում անցկացվելու է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին, այդ թվում՝ արհեստական բանականությանը, կենսատեխնոլոգիաներին:Նախագահը նշել է, որ այս բոլոր միջոցառումներին և քննարկումներին ակնկալվում է նաև ռուսաստանցի գործընկերների ակտիվ ներգրավվածությունը, որոնցից շատերի հետ արդեն իսկ արդյունավետ գործակցություն է ձևավորվել:

Հանդիպմանը խոսվել է նաև գալիք տարի «Մտքերի հայկական գագաթնաժողովը» Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպելու հնարավորության մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Արմեն Սարգսյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր