ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
14:24, 15.09.2021 | mamul.am
3676 | 0

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի լրատվության ծառայությունը:

Ողջունելով դեսպանին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցության խորացմանը՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի հայ–հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանում Հնդկաստան–Հայաստան բարեկամական խմբի ձևավորումը ևս հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով էլ ավելի խորացնելու օրենսդիրների կապերը:

Կարևորելով միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև դրական համագործակցությունը՝ ՀՀ օրենսդիրի ղեկավարը բարձր է գնահատել միջազգային կազմակերպություններում Հայաստանի կենսական հարցերի շուրջ Հնդկաստանի կառավարության հավասարակշռված մոտեցումը:

Կողմերն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերին: Այս համատեքստում հայկական կողմն արժևորել է պաշտոնական Նյու Դելիի մոտեցումն առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հնդկաստանի դեսպանը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Քաշմիրի խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի մշտական աջակցությունը: Համատեղ օրակարգի առաջնահերթություններում փոխայցելությունները դիտվել են որպես առաջնահերթություն՝ ի նպաստ երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր