Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյին թունավորելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռուսաստանը մեղավոր է ճանաչվում՝ 2006 թվականին Մեծ Բրիտանիայում ռադիոակտիվ պոլոնիումով Լիտվինենկոյի թունավորելու համար: Դատարանը որոշել է, որ Ռուսաստանը գործի արդյունավետ քննություն չի իրականացրել և չի ապահովել Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի քրեական հետապնդումը, որոնց բրիտանացի քննիչները ճանաչել են որպես սպանության հեղինակներ: ՄԻԵԴ-ը պարտադրել է ՌԴ-ին՝ Լիտվինենկոյի այրուն 100 հազար եվրո վճարել՝ որպես բարոյական վնասի և 22500 եվրո՝ որպես իրավական ծախսերի փոխհատուցում: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին՝ Լոնդոնում: Նա 10 տարի աշխատել է խորհրդային անվտանգության պետական կոմիտեում, իսկ հետո ռուսական անվտանգության դաշնային ծառայությունում: Այնուհետ դարձել է ռուսական իշխանությունների քննադատ և 2000 թվականին փախել Մեծ Բրիտանիա: Նրան թունավորել են Լոնդոնում՝ ռադիոակտիվ պոլոնիում-210-ով: |