ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ի՞նչ պատճառով են ինձ համարում «ոչ պիտանի» և ինչո՞ւ են ազատել աշխատանքից». ԱԻՆ նախկին ծառայողի բողոքը
10:36, 23.09.2021 | mamul.am
6983 | 3

ԱԻՆ նախկին ծառայող Սերգեյ Ծատուրովը դիմել է MAMUL.am լրատվականին՝ բողոքելով, որ իրեն ապօրինի ազատել են աշխատանքից: Նրա խոսքով, կադրային ջարդը համակարգում վաղուց է. «Միաժամանակ հայտնում եմ, որ կրքերը վերստին բորբոքվեցին 12.08.2021թ.ին, երբ Սևանի թիվ 32 ՀՓՋ-ում առկա եղավ հրշեջ փրկարարի թափուր հաստիք, հիմք ընդունելով ԱԻՆ կադրերի պետ Ա. Կարապետյանի 10.03.2021թ ինձ ուղղված պատասխանը, որտեղ նշված էր, որ կադրերի վարչությունը պատրաստակամ է քննարկել Ձեզ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի իրավադրույթներով սահմանված փոխադրման կարգին համապատասխան պաշտոնի նշանակելու համար»: 20.08.2021թ տեղափոխման զեկուցագիր եմ ներկայացրել ըստ Կոտայք ՄՓՎ-Ի վերադասության միջնորդությամբ, որպեսզի ներկայացնեն ԱԻՆ կադրերի վարչություն, սակայն 31.08.2021թ արդ ժամանակահատվածում ստանում եմ թիվ 17/1764Ա ազատման հրամանը»,- ասում է մեր զրուցակիցը։

Ներկայացնելով իր հետ կապված խնդիրը, արդեն նախկին հրշեջ-փրկարարը պատմում է, որ ՄՌՏ զննությամբ, անսպասելիորեն տեղեկանում է, որ ողնաշարի ճողվածք ունի: «Քանի որ երկրում պատերազմական վիճակ էր և հայտարարված էր ռազմական դրություն, ես չէի կարող այդ ժամանակաընթացքում զբաղվել անձնական գործերով, մեծ հաշվով, ինձ հետաքրքիր էլ չէր, որ այդ լարված իրավիճակում զբաղվեի առողջական խնդիրներով։ Այդուհանդերձ, յոթ ամիս անց, որոշում եմ վիրահատվել:

«Արձակուրդից հետո պետք է գնայի ծառայության և, անսպասելիորեն, ռազմաբժշկական փորձաքննություն նշանակեցին այն հիմքով, թե իմ մոտ առկա է ռադիկուլոպատիա (ողնաշարի ճողվածք): Ահա, հենց այդ ժամանակահատվածում էլ կրքերը բորբոքվեցին»,- ասում է Ս. Ծատուրովը:

Նրա խոսքով՝ եզրակացության մեջ նշված են այն հիվանդությունները, որոնք արդեն բուժվել են և չեն համապատասխանում այսօրվա իր առողջական վիճակին. «Ազատման համար հիմք են ընդունել հանձնաժողովի նախագահ Կարեն Աթոյանի ներկայացրած հիվանդության տեղեկանքը:

ԱԻՆ ՓԾ բուժապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը

Թե հանձնաժողովն ինչու է նման անհեթեթ եզրահանգման եկել, կարծում եմ ակնհայտ է․ ծառայության պետը ցանկացել է ամեն կերպ ազատվել ինձնից։ Ի վերջո, նման տարօրինակ ախտորոշումից հետո դիմել եմ մի քանի բժշկական կազմակերպությունների՝ ճշտելու իմ մոտ առողջական խնդիրների առկայության և առհասարակ, ֆիզիկական վիճակիս մասին, սակայն ստացած պատասխաններից պարզ է դարձել, որ ես փրկարար ծառայության հանձնաժողովի եզրակացության նշած հիվանդությամբ չեմ տառապում, նման խնդիրներ իմ մոտ առկա չեն և ես չունեմ ծառայությանը ոչ պիտանի ճանաչվելու որևէ հիվանդություն։

Առողջական խնդիրների բացակայությունը հաստատող փաստաթուղթը

Միաժամանակ հիմք ընդունելով 06.09.2021թ. Էրեբունու ԲԿ-ի նյարդաբանի վերջնական եզրակացությունը՝ ողնաշարի ողնասյան գոտկասրբանային հատվածի վիրահատության մասով, ախտորոշման պահին սուր նյարդական պաթոլոգիան բացակայում է: Այսպիսով, ռազմաբժշկական հանձնաժողովն իր նախագահի հետ միասին սխալվել է, երբ տեղեկանք է հատկացրել տնօրենին՝ կապված իմ առողջության հետ. ռադիկուլոպատիան բացակայում է իմ մոտ, որը անգամ փաստում է ՄՌՏ-ի պատասխանը։ Նյարդային և առողջական խնդիրներ ես ևս չունեմ, քանի որ բուժվել եմ` ստանալով համապատասխան ստացիոնար և ամբուլատոր բուժում»,- պատմում է մեր զրուցակիցը։

Սերգեյ Ծատուրովը ԱԻՆ ՓԾ-ում աշխատել է շուրջ 12 տարի: Օգոստոսի 31-ից արդեն գործազուրկ հրշեջ-փրկարարն այդպես էլ չի կարողանում հասկանալ՝ ի՞նչ պատճառով են իրեն համարում «ոչ պիտանի» և ինչո՞ւ են իր ազատման հրամանը ստորագրել, երբ դրա համար հիմնավոր պատճառ չկա: «Իմ բողոքը Արմեն Գասպարյանի հրամանի դեմ է»,- ասում է Ս. Ծատուրովը` հավելելով, որ ամեն ինչ անելու է արդարությունը վերականգնելու համար:

«Նախարարին վերադաս բողոք եմ ներկայացրել՝ կցելով բժշկական բոլոր հետազոտությունները, նաև մարդասիրական զեկուցագիր եմ գրել. առայժմ ոչ մի արձագանք չկա...ես պատրաստ եմ անցնել բժշկական կոմիսիա, բայց ո՛չ ԱԻՆ-ի պոլիկլինիկայում, քանի որ վերոնշյալ անձնավորություններն ուղղորդվում են վերադասի ցուցումներով»,- պնդում է նա։

Սերգեյ Ծատուրովը հույս ունի, որ կուսումնասիրեն փաստաթղթերը և իրեն կվերականգնեն նախկին աշխատանքում, եթե ոչ՝ դիմելու է դատարան։ Եվ եթե խաղաղ ճանապարհով հարցը չլծվի, Ս․ Ծատուրովը խոստանում է գործը հասցնել վարչական դատարան և վստահ է՝ ամեն ինչ գործելու է ընդդեմ Ա․ Գասպարյանի հրամանի և Աթոյանի եզրակացության:

Նշենք, որ Սերգեյ Ծատուրովը որպես բարեխիղճ ծառայող, նաև պատվոգրերի և շնորհակալագրերի է արժանացել:

Պատվոգիրը
Սերգեյ Ծատուրովը պարգևատրվել է ՀՀ ԱԻ նախարարի կողմից
Դիպլոմը՝ տրված Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր