Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Աշխարհում գոյություն ունեցող մեծ ու փոքր բոլոր երկրներն ունեն Անկախության օր, որը նրանց համար պետական և ազգային ինքնության կարևոր խորհրդանիշ է։ Անկախությունը, սակայն, ոչ բոլոր են կարողացել գնահատել և ոչ բոլորն են հաջողել պետականության կազմավորման գործում։ Պետությունը նախ և առաջ կառավարման համակարգ է, որի արդյունավետությունից է կախված անկախության աստիճանը։ Եթե պետությունը և ազգին առաջնորդում են տգետներ և արկածախնդիրներ, ապա կառավարման համակարգերը քանդվում են, ինչի հետևանքով անկախությունը զրոյանում է՝ իր տեղը զիջելով «բանանային պետականությանը»։ Սա այն երկրների դեպքում է, երբ թղթի վրա կա անկախություն, իսկ իրականում երկիրն ամբողջությամբ ենթարկվում է մեկ ուրիշ պետության՝ տնտեսականից մինչև քաղաքական։ Պետականությունը ոչնչանում է, մնում է թղթի վրայի պետությունը, որի ամբողջական ոչնչացումն արդեն տեխնիկայի հարց է․ կկաշառեն ազգի տգետ հատվածին, կգնեն տգետ ու անհայրենիք իշխանություններին, կկազմաքանդեն բանակը, մաս-մաս կվերցնեն պետության կարևորագույն տարածքները, կմնա հանրաքվեն՝ անկախությունից հրաժարվելու և որևէ պետության մաս դառնալու համար։ Իսկ եթե պետությունը ղեկավարում են ազգային ինքնագիտակցություն ունեցող անհատներ, ապա նրանք նախ շեշտը դնում են կառավարման, անվտանգային համակարգերի ամրապնդման վրա։ Ամուր և ժամացույցի նման աշխատող համակարգ, նվիրյալ առաջնորդներ ունեցող պետությունները հաջողում են ինչպես արտաքին հարաբերություններում, այնպես էլ ազգի երջանկության մեջ։ Շատերն այս տերմինը դիտարկում են որպես զգացմունքային, վերերկրային ինչ-որ բան, որտեղ գրված մտքերից կարող ես ոգևորվել, հուզվել քո հարուստ ու գեղեցիկ պատմությամբ և վերջ։ Բայց ոչ։ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ առողջ և ուժեղ պետականության ճանապարհային քարտեզ է, որի ամեն քայլ մատնանշվում է՝ հիմքում ունենալով ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ և ՆՊԱՏԱԿԸ։ Հաջողում են այն պետությունները, որոնց ազգային գաղափարախոսությունը եսակենտրոն չէ, միտված է բարեկամության և համագործակցության, բայց թիրախում ունի ԱՆՄՆԱՑՈՐԴ ՀԱՅՐԵՆԱՆՎԻՐՈՒՄԻ ԵՎ ՈՒԺԵՂ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ գաղափար։ |