Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատերազմից հետո անցած մոտ մեկ տարվա ընթացքում հանդիպումներ եմ ունեցել որոշ գործարարների հետ: Մարդիկ նոր են հասկացել, որ, հակառակ տարատեսակ քաղաքական մեր առաջնորդների ամպագոռգոռ պնդումների, Հայաստանն ի վիճակի չի ապահովելու թե՛ Արցախի, թե՛ ՀՀ անվտանգությունը: Արդյունքում, ոչ միայն ներդրումներ բերելն է էապես բարդացել, այլև բարձրակարգ երիտասարդ մասնագետներին Հայաստանում պահելու խնդիր է առաջացել: Օրերս գործարարների համաժողով է տեղի ունեցել, որի ընթացքում Հայաստանում հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումներ կատարելու խոստումներ են տրվել: Լավ է, որ մարդիկ պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել հայրենասիրական մղումներից ելնելով: Վատ է, որ կրկին այդ մասին խոսվում է առանց հաշվի առնելու այն, որ Հայաստանը նախկինի պես ի վիճակի չէ ինքնուրույն ապահովելու ոչ միայն Արցախի, այլև ՀՀ անվտանգությունը: Դա նշանակում է, որ գումարներ ներդնելը կրկին կլինի խիստ ռիսկային, եթե Հայաստանը չունենա երկրի անվտանգությունն ապահովող սեփական արդյունավետ համակարգը: Ի դեպ, այդ համակարգում առաջնային դեր պետք է ունենա ոչ թե զենքն ու տարատեսակ ուժային կառույցները, այլ այն ուղեղային կենտրոնը, որը կապահովի գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման ստույգ երկարաժամկետ կանխատեսումը, որի հիման վրա էլ հնարավոր կլինի միջնաժամկետ և կարճաժամկետ կտրվածքով ծրագրել մեր անելիքները քաղաքականության, անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում: Բիզնեսի արդյունավետության և պաշտպանված լինելու առաջնային նախապայմանը այս է»: |