ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Գլաձորցիներն ահազանգում են՝ չեն ուզում իրենց համայնքում հանքավայր գործի». Օլեգ Դուլգարյան
18:00, 23.09.2021 | mamul.am
2618 | 0

«Համայնքային համախմբման և աջակցության» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է. «Այսօր, սեպտեմբերի 23-ին ժամը 18-ին Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում հանրային լսումներ են նախատեսված։ «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ն փորձ է անում Գլաձորի հանքավայրում բազմամետաղներ որոնել։ Բնակիչների գերակշռող մեծամասնությունը դեմ է։ Ահազանգում են․ չեն ուզում իրենց համայնքում հանքավայր գործի։ Ասում են՝ այդպիսով վտանգի տակ կհայտնվեն ջրային պաշարները։ Արդյունքում՝ այգիները կչորանան։ Բացի այդ՝ տարիներ շարունակ Վերնաշենը համարվել է գինեգործության կենտրոն, հիմա վտանգի տակ է հայտնվում նաև գյուղի բրենդը։
Գլաձոր և Վերնաշեն համայնքների բնակիչները 2015թ․-ից ի վեր պայքարում են մաքուր միջավայր ունենալու և իրենց տարածքում որոշումներ կայացնելու իրավունքի համար։
Բնակիչները դեռևս 2016 թ․ին դեմ էին արտահայտվել և թույլ չէին տվել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին մուտք գործել հանքավայրի տարածք։
Իսկ 2021թ-ի մայիսի 11-ին թույլ չեն տվել «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ին հանրային քննարկումներ անցկացնել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու նախնական հայտին։
Նշենք, որ 2019թ-ի ապրիլի 19-ին Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն էին ներկայացրել ավելի քան 2 հազար բնակչի ստորագրությամբ հանրագիր, որտեղ խնդրել և պահանջել էին ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ: Ինչպես նաև՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր:
Գլաձորի ավագանին 2019թ. ապրիլի 29-ին բնակիչների ներկայացրած՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» առաջարկությանը հավանություն է տվել:
Բնակիչներն ասում են, որ պայքարելու են կանաչ միջավայրում ապրելու իրենց իրավունքի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր