ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Օրինական կարգավիճակ չունեցող հայերը ՌԴ-ում խնդրի առջև են կանգնել. «Ժողովուրդ»
09:24, 24.09.2021 | mamul.am
5524 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներն ընկել են անհարմար դրության մեջ. պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 15-ի՝ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին հրամանագիրն է։ Խոսքը օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, որոնք Ռուսաստան են մեկնել մինչև նախորդ տարվա մարտի 15-ը, այդ թվում և նրանց, որոնք այս տարվա հունիսի 16-ի դրությամբ չունեն ՌԴ-ում մնալու օրինական հիմքեր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ այդ քաղաքացիներին իրավական իրավիճակի կարգավորման վերաբերյալ հնարավորություն է տրվել մինչև այս ամսվա վերջ դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններ:

Այս պատճառով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին մինչև սեպտեմբերի 30-ը կարգավորել իրենց օրինական կարգավիճակը, հակառակ դեպքում հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել այս հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանից հարկադիր հեռացման վերաբերյալ միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում՝ մուտքի արգելքի, ինչպես նաև երկիր մուտք գործելը չթույլատրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները»:

Սա նշանակում է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք մինչեւ սեպտեմբերի 30-ը չեն կարգավորի իրավական կարգավիճակը, հետ կվերադառնան Հայաստան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր