ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բոռելի հետ
11:18, 25.09.2021 | mamul.am
4828 | 0

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բոռելի հետ. հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովին վերաբերող հարցերի:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ 44-օրյա պատերազմից հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը և այս խնդրի քաղաքականացման անընդունելիությունը։

Հանդիպման ընթացքում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։

Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ դեէսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցչի հետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր