ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Երբ փորձում էինք իջնել նկուղ՝ մի ռումբ ընկավ մեր այգի ու ավազը տվեց պատուհաններով». Իվան Մովսիսյան
11:36, 27.09.2021 | mamul.am
3246 | 0

Արցախցի Իվան Մովսիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «27-ի առավոտը ինձ համար բացվեց բարձր ու ամպրոպին նմանվող ձայներով։ Երբ նայեցի պատշգամբից, տեսա, որ արևոտ եղանակ է ու չգիտեմ ինչու՝ միանգամից հասկացա, որ պատերազմ է սկսվել ու քաղաքը արդեն ռմբակոծվում է։ Ժամը 7։15 էր։ Շուտ արթնացրի Լուսինեին ու ասեցի, որ վերցնի Մոնթեին ու իջնի նկուղ, որովհետև պատերազմ է սկսվել։ Լուսինեն առանց խուճապի միանգամից հավաքվեց։ Երբ դուրս եկա սենյակից, տեսա թե ինչպես էր մայրս կանգնած լացում ու չէր շարժվում տեղից։ Երբ փորձում էինք իջնել նկուղ, հենց այդ պահին մի ռումբ ընկավ մեր այգին ու այգու ավազը տվեց պատուհաններով։ Երևի հենց այդ պահին հասկացանք իրականության լրջությունը։(Բարեբախտաբար ռումբը չի պայթել)։
Քաղաքում միացավ օդային տագնապ ազդանշանը։ Տարբեր տեղերից լսվում էին ռումբերի պայթյուններ։ Օդը միանգամից կապվեց այդ գորշ ծխի մեջ։
Մի քանի րոպեից, երբ արդեն համեմատաբար հանգիստ էր, ես դուրս եկա մեր բակ։ Թաղի տղամարդիկ հավաքված էին վերևի թաղում։ Ժամը 7։50 խոցվեց Ս-300, սակայն մինչև այդ ոչ մեկը չգիտեր դրա տեղը։ 30 րոպե հետո այն խոցվեց երկրորդ անգամ։
Թաղում կանգնած ամեն մեկը ինչ որ բան էր խոսում, փորձում էին համացանցում ինչ որ լուր փնտրել, իսկ ես տեսա խուճապ մարդկանց աչքերում։ Չգիտեմ ինչու, բայց ես մի տեսակ հանգիստ էի։ Արդեն հարևաններից ոմանք հավաքելով անհրաժեշտ իրեր տեղափոխվում էին Երևան։ Ոմանց տեսա վերջին անգամ, այդպես էլ չվերադարձան Երևանից։ Բայց մեր ընտանիքը դեռ Ստեփանակերտում է։
Շատ ծանրաբեռնված էր հեռախոսային կապը, համարյա չկար։ Մի կերպ կապ հաստատեցի քրոջս՝ Դիանայի հետ ու ասեցի, որ մի կերպ տեղափոխվեն մեր տուն, որովհետև մեր տանը բոլորս միասին կլինենք ու ավելի ապահով էր։ Գիշերը անցկացրինք նկուղում, մի կերպ տեղավորվեցինք։ Ամբողջ գիշեր լսվում էր օդային տագնապի ու ռումբերի պայթյունի ձայներ։
Պատերազմը դեռ չի ավարտվել ...»:

«Երբ փորձում էինք իջնել նկուղ՝ մի ռումբ ընկավ մեր այգի ու ավազը տվեց պատուհաններով». արցախցու հուշերը
Աղբյուրը` Իվան Մովսիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր