ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.27, EUR 553.88, RUB 6.71, GBP 656.66
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+18 °C
«Զորավար Անդրանիկն ասում էր՝ ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգի համար». Ա. Քոչարյան
16:30, 27.09.2021
1808 | 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գրառումը.

«Այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրանում է չարաբաստիկ լուսաբացի առաջին տարելիցը։
Մեկ տարի է անցել իրականությունը խեղած պատերազմից։ Անդադար մեղավորներ ու դավաճաններ ենք փնտրում, խոսում ենք պատերազմից դասեր քաղելու, հայրենասիրության մասին։ Սակայն մինչև օրս յուրաքանչյուրս խուսափում ենք մեր բաժին պատասխանատվության ընկալումից։
Վերջապես սթափ գիտակցել է պետք, որ կատարվածը փոփոխել անզոր ենք, անհրաժեշտ է ոտքի կանգնել ու նոր թափով շարժվել առաջ։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ հայրենասիրությունը սկսվում է ազգային գույներից, համերից, փոխադարձ սիրուց, ուրիշի կորստի ու ցավի նկատմամբ կարեկցանքից, արդար ու ազնիվ ձգտումներից։ Պատերազմում փառքով ընկածներն ու ողջ մնացածները մեզ հայրենասիրություն ու իրական արժեքներ սովորեցրին, ամուր հող ստեղծեցին մեր հայրենիքի հեռանկարային ապագան կերտելու համար։ Զորավար Անդրանիկն ասում էր․ «Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար»: Եվ իսկապես, հայրենիքը լուռ է պետք սիրել՝ մտքով, հոգով, գործով՝ առանց բառերի, զուրկ դատարկ խոսքերից ու հուզականությունից։ Հայրենիքի համար անխոնջ աշխատել է անհրաժեշտ, ստեղծել ու արարել։ Հայրենիքը ողջ էությամբ ու գոյությամբ զգալ է պետք, իսկ վիրավոր հայրենիքը՝ բուժել է պետք, բուժել անվերապահ, բացառիկ սիրով և նվիրումով։
Ցավը խորն է ու բոլորինս, սակայն պարտավոր ենք կրկին հառնել, տեր կանգնել մեր պետությանը, գոտեպնդվել, վերականգնվել, սրտի ողջ խորությամբ զգալ ու անկեղծորեն սիրել հայը, հայկականի ձևը, գույնն ու պատկերը։ Դեպի մեր համազգային նպատակները շարժվելու անշեղ ուղին փնտրել մեր արմատների ու ակունքների մեջ:
Առողջ, սառը դատողությամբ պետք է վերլուծել հնարավորությունները, անհրաժեշտ է հնարավորինս ճշգրիտ և թիրախավորված օգտագործել մեր ունեցած գիտական ներուժը, յուրաքանչյուր հարցում ցուցաբերել հավասարակշված մոտեցումներ՝ հայ հաղթանակած ազգի ու բանակի հոգեկերտվածքը, պատիվը և հեղինակությունը վերականգնելու համար։
Սա է պարտության ճիրաններից դուրս գալու ճանապարհը։ Թեոդոր Ռուզվելտն ասել է․ «Կարևոր է պատրաստակամ լինել մեռնել հանուն հայրենիքի, բայց ավելի կարևոր է պատրաստ լինել ապրել հանուն նրա»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր