ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+2 °C, +2 °C ... +17 °C Վաղը`+13 °C
Ռալֆ Յիրիկյանն արգելել է վերանորոգել կամ փոխել քաղաքացուն վաճառած անսարք հեռախոսը
11:00, 28.09.2021
9316 | 1

Օրերս անդրադարձել էինք քաղաքացու ահազանգին, ըստ որի՝ Վիվա-ՄՏՍ-ն իրեն վաճառել էր բջջային հեռախոս, որը փչացել էր, իսկ ընկերությունը հրաժարվել էր վերանորոգել (փոխել նորով) և երեք շաբաթ քաղաքացուն պահելով անորոշության մեջ՝ պատասխանել, թե՝ «մենք քեզ հեռախոս չենք վաճառել, որ դու տաքսի քշես»։
ՄԱՄՈՒԼ․am-ի անդրադարձից հետո, Վիվա-ՄՏՍ-ի աշխատակից Վահե Իսահակյանը նամակով դիմում է խմբագրություն և խնդրում քաղաքացու կոնտակտները՝ խնդիրն ուսումնասիրելու և աջակցություն տրամադրելու համար։ Խմբագրությունը, քաղաքացու թույլտվությամբ, տրամադրում է կոնտակտները։ Հատկանշական է, որ նույն անձը, երեք ժամ անց խմբագրություն է ուղարկում նոր նամակ՝ հերքման պահանջով, որում նշում է, որ «․․․հրապարակումները կեղծ են․․․, շինծու են․․․ վարկաբեկող են․․․», հաջորդ պարբերություններում նշում է, որ «․․․ նյութը միակողմանի է․․․, կանխակալ․․․», հետո արդարանում է, որ «․․․ մենք հեռախոս արտադրող չենք․․․, չենք կարող երաշխավորել․․․», դե իսկ վերջում, ինչպես միշտ «․․․ ընկերությունը միշտ սպառողների իրավունքների համար․․․, նրանց կողքին․․․» և այլն։

Պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Հերքման պահանջ ներկայացնելուն զուգահեռ, Վիվա-ՄՏՍ-ը կապ է հաստատում քաղաքացու հետ։ Առաջարկում են դիմում գրել տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և խնդրել վերանորոգել կամ փոխել հեռախոսը։

Երեք օր անց, քաղաքացուն տեղեկացնում են՝ դիմումը մերժվել է։ «․․․ ընկերությունը չի ստաձնում պատասխանատվություն՝ լուծել խնդիրը։ Հեռախոսը գնել եմ Վիվա-ՄՏՍ-ից, ուստի վերջինս էլ պետք է ստանձնի պատասխանատվությունը՝ լուծելու անսարքության խնդիրը»։

Հետգրության փոխարեն նշենք, որ նախորդ նյութի հրապարակումից հետո խմբագրությունը ստացել է Վիվա-ՄՏՍ-ի հետ կապված նմանատիպ 18 բողոք-դիմում, որոնց կանդրադառնանք առաջիկայում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր