ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արմեն Գևորգյանը՝ անձնագրերի վավերականության ժամկետը կրճատելու նախագծի մասին
12:42, 18.10.2021 | mamul.am
4157 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գրառումը․ «Հրապարակվել է Կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը կարող է սահմանափակվել երկու տարով: Առանց մանրամասնելու այս նախաձեռնության ծագման մասին՝ կցանկանայի հնչեցնել մի շարք հարցեր, որոնք կպահանջեն տրամաբանական և հիմնավորված պատասխաններ:

1. Արդյո՞ք նման որոշումը, եթե ընդունվի, չի սահմանափակում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և դրանով իսկ չի հակասում Սահմանադրության համապատասխան նորմերին:

2. Ինչքանո՞վ է նմանատիպ նախաձեռնությունը նպաստելու ընտրողների ցուցակի ճշգրիտ և իրատեսական կազմմանը և չի խոչընդոտելու արդյո՞ք այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը։

3. Որքանո՞վ է այս նախագիծը բյուջեի վրա ֆիսկալ ազդեցություն ունենալու, պետությունը գումար կգանձի՞ յուրաքանչյուր նոր 2-ամյա ժամկետի համար:

4. Արդյո՞ք հաշվարկվել են նման որոշման իրականացման բոլոր կազմակերպական և տեխնիկական ասպեկտները, արդյո՞ք սա նշանակում է, որ երկու տարին մեկ հսկայական թվով մարդիկ ստիպված են գործ ունենալ պետության հետ՝ հերթ կանգնել, փաստաթղթեր կազմել, գործընթացները կլինե՞ն էլեկտրոնային՝ ավտոմատ, թե՞ ոչ:

5. Ինչպե՞ս կազդի նման որոշումն այլ պետություններից մեր հայրենակիցների կողմից Հայաստանի՝ երկրորդ քաղաքացիություն ստանալու գործընթացի որակի և ծավալի վրա:

6. Արդյո՞ք այս որոշումը կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի միջև արդյունավետ երկխոսությանը վիզային ռեժիմի ազատականացման և պարզեցման վերաբերյալ, և որքանո՞վ կշարունակվի օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ (ավելի քան երկու տարի ժամկետով) վիզաների տրամադրումը:

7. Արդյո՞ք այս լուծումը հակասություններ կառաջացնի աշխատուժի ազատ տեղաշարժի առումով գործող ԵԱՏՄ նորմերի և տրամաբանության հետ:

8.Եվ ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված նման նախաձեռնության անհրաժեշտությունը:

Ամփոփելով ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին։ Արդյո՞ք կան գնահատականներ՝ ինչքանո՞վ է այս առաջարկության տրամաբանությունը նպաստելու հայության համախմբվածությանը»:

Աղբյուրը` Արմեն Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր