«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գրությամբ դիմել էի Պաշտպանության նախարարին՝ հասկանալու, թե արդյոք ՊՆ-ում, Գլխավոր շտաբում վերլուծել և ամբողջացրել են 44-օրյա պատերազմի վերաբերող իրադարձությունները, պատերազմի ընթացքն ու դրանում մեր պարտության պատճառները։ ՊՆ-ից ստացված գրության մեջ նշվում է, որ ԳՇ-ում շարունակվում է պատերազմի հետ կապված համապարփակ վերլուծության աշխատանքները։ Չնայած ՊՆ գրությամբ նշվում է, որ վերլուծության աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն, ի զարմանս ինձ, հաջորդ նախադասությամբ նշվում է, որ այդ նույն չավարտված վերլուծության հիման վրա ՀՀ զինված ուժերում կառուցվածքային և բովանդակային խորքային բարեփոխումներ են իրականացվում։ Այս գրության, թերևս, ամենատարօրինակ հատվածը, սակայն, այն ձևակերպումն է, որ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը հրապարակման ենթակա չէ։ Ճիշտ է՝ ՊՆ-ն, ի տարբերություն ԳՇ անհասկանալի վարքով պետի, գրություններին արձագանքում է, սակայն բովանդակային առումով, ավելի շատ հարցադրումներ է առաջացնում, քան պատասխանում է իրեն ուղղվող հարցադրումներին։ Այն տեմպերը, որով փոփոխություններ է իրականացվում Զինված ուժերում, որևէ ձևով չի կարող բավարար համարվել, դեռ չեմ խոսում դրա բովանդակության մասին»։ |