«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իշխանություններին ստիպել են կոշտացնել ռազմավարությունը` չէ՞ որ ՏԻՄ ընտրությունների դեռ երկու փուլ կա։ Մարզային կառույցներին արդեն ասվել է, որ փող ու ռեսուրսներ չխնայեն և կրկին քննարկեն որոշ թեկնածուների առաջադրման նպատակահարմարությունը։ Օրինակ՝ Արարատի կառույցում վստահ են, որ Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի առաջադրման դեպքում արդյունքը կլինի այնպես, ինչպես Գյումրիում և Գորիսում։ Նույնը Վանաձորի և Կապանի դեպքում է: Մյուս կողմից՝ որևէ հեղինակավոր մարդ չի համաձայնում առաջադրվել ՔՊ ցուցակով։ Մեր տեղեկություններով, մինչ այս պահը Արարատ խոշորացված համայնքում ՔՊ-ն հարմար թեկնածու չի կարողանում գտնել, բոլորը մերժում են, այժմ բանակցում են մարզում հայտնի հեղինակություն Նորիկ (Ձկո) Ղազարյանի քրոջ որդու հետ։ Վազգեն և Արամ Սարգսյանների մտերիմ Նորիկ Ղազարյանն Արարատում ունի ցեմենտի գործարան, որը, սակայն, տարիներ ի վեր չի շահագործվում նրա՝ նախկիններին ընդդիմադիր պահվածքի պատճառով։ Բայց նա էլ չի համաձայնում դառնալ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն: Համենայնդեպս մեզ ասացին, որ այս անձինք էլ դեռ չեն ընդունել իշխանության առաջարկը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |