ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը
20:36, 20.10.2021 | mamul.am
2566 | 0

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Հայ դյուցազնավեպի
քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրության կազմակերպման նպատակով «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը:

Քոչարն այս շարքը ստեղծել է 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը:

Նշենք, որ Երվանդ Քոչարի թանգարանն անցել է ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգային նորատիպ, կոնցեպտուալ ձևաչափերի: Այս ցուցադրությունը ոչ միայն ներկայացնում է քոչարական նկարազարդումները, այլև նորարարական լուծումների, ինքնատիպ գաղափարների կիրառմամբ նորովի է մեկնաբանում էպոսի առասպելական միջավայրը, որոնցից ներշնչվելով՝ Քոչարը ստեղծել է իր գրաֆիկական աշխատանքները:

Ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը, որի թարմացումն ու լրացուցիչ նյութերով համալրումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ հավելվածը կիրառելի է 2017 թվականից, հասանելի է հայերենով և անգլերենով:

Նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց նպաստել հայկական էպոսի նորովի տարածմանն ու հանրահռչակմանը, դրա մասին գիտելիքների պահպանմանն ու տարածմանը:

Նորացված հավելվածում ավելացվել է ինտելեկտուալ ևս մեկ խաղ («Բառախաղ»), ստեղծվել են «Գիրք», «Պատկերասրահ» և «Կոմիքս» բաժինները:

Հավելվածը ներբեռնելու համար հարկավոր է բջջային հեռախոսի «Փլեյ մարկետ» («Play Market») կամ «Ափ սթոր» («App Store») դաշտերում որոնել հավելվածը` գրելով հայերեն կամ անգլերեն՝ Սասունցի Դավիթ («Sasunci Davit»):

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր