ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
17:36, 20.10.2021 | mamul.am
2129 | 1

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է. «Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին:

Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած շարունակական աջակցության կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները՝ որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ:

Կողմերը քննարկել են նաև այս տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրումը և համախմբումը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը: Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

ՀՀ ԱԳ նախարարը նաև կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր