ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-1 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+6 °C
Առուշանյանի նամակը՝ կալանավայրից
11:30, 23.10.2021
4080 | 1

«Առուշ Առուշանյան» դաշինքը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նամակը՝ կալանավայրից.

«Իմ շատ սիրելի՛ գորիսեցիներ, հոկտեմբերի 17-ին Գորիս համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Դուք վերահաստատեցիք մեր սրբացած հողի վրա մեր վաղվա օրը, մեր երեխաների անվտանգ ու ապահով ապագան միասին կերտելու բոլորիս ազնիվ մղումներն ու հաստատակամությունը:
Ընտրություններում մեր դաշինքի շռնդալից հաղթանակը միայն իմը չէ, դաշինքինը չէ, այն նախ և առաջ Ձեզնից յուրաքանչյուրինն է, մեր ազգինն է, և իրենց մեջ նժդեհականությունը կրող մեր բոլոր հայրենակիցներինը, անգամ նրանցը, ովքեր չեն ուզել կամ համարձակություն չեն ունեցել կանգնել մեր քաղաքական թիմի կողքին։
Ցավոք, դեռևս Ձեզ հետ անմիջական շփման և միասին մեր հաղթանակը նշելու հնարավորություն չունեմ: Ասում եմ՝ դեռևս, քանի որ վստահ եմ, որ շատ շուտով արդարությունը կհաղթի, ու ես կլինեմ ազատության մեջ և մենք օր առաջ մեր ջանքերը կմեկտեղենք մեր սիրելի համայնքի և հայրենիքի շենացման գործում:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Ձեր ընտրությամբ Դուք կրկնապատկեցիք, եռապատկեցիք այն ներուժն ու էներգիան, որը պատրաստ եմ ներդնել գալիք տարիներին իրականացվող համայնքային ծրագրերում, ինձ վստահված համայնքապետի պատասխանատու և պատվաբեր աշխատանքում:
Ամեն ժամանակահատված վեր է հանում նոր խնդիրներ, առաջ է բերում նոր իրողություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Դրանք ասես փորձաքարեր լինեն՝ ուղղված հայությանդեմ: Սակայն մենք չենք վախենում, մենք չենք ընկրկում այդ բոլոր խնդիրների, խոչընդոտների առջև և ունենք բավարար ուժ և վճռականություն այդփորձաքարերը կոտրելու, դրանք ավազահատիկների վերածելու, այնուհետև մեր ճանապարհից ամբողջովին հեռացնելու գործողությունների հստակ պլան:
Հոկտեմբերի 17-ից մենք թևակոխել ենք մեր համայնքի շենացման մի նոր շրջափուլ, որը դարձյալ անցնելու ենք միասին՝ ձեռք ձեռքի տված, բռունցքված ու ավելի մեծ նվիրումով ու եռանդով: Վաղվա մեր ապագան կախված է յուրաքանչյուրիցս, իսկ ես գիտեմ, որ մենք՝ գորիսեցիներս միասնական ու անկոտրում ենք, համառ ու պատրաստ դիմակայելու մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և պատվով հաղթահարելու ցանկացած փորձություն:
Մեզ բնորոշ չեն թուլությունը, թուլակամությունը, թուլամորթությունն ու տկարությունը:
Մեր հաղթական ուղին մենք անցնելու ենք նաև նրանց հետ, ովքեր անձնական, քաղաքական կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ չքվեարկեցին մեր օգտին, նրանց հետ, ովքեր տրվեցին անհավասար մրցակացային պայմաններում քարոզարշավի ընթացքում կիրառված սադրանքներին, որոնք օրվա իշխանությունը գործի դրեց քաղաքական, վարչական, ֆինանսական, բարեկամական ռեսուրսների անխնա կիրառմամբ և, որ ամենաողբերգականն է՝ անմասն չմնացին նաև հասարակությանը պառակտելու մոլուցքից, գորիսեցիներին նորից սևերի և սպիտակաների, նախկինների և ներկաների բաժանելու քարոզչությունից:
Հաղթանակի ճանապարհը միասին ենք անցնելու նաև նրանց հետ, ովքեր՝օգտվելով իմ անազատությունից համացանցը ողողեցին իմ անձը հեղինակազրկելու, ինձ վարկաբեկելու էժանագին գրառումներով, կեղծ և ստահոդ տեղեկություններով, նաև նրանց հետ, ովքեր հուսալքությունից, հիասթափությունից, անճարությունից դրդված՝ չմասնակցեցին ընտրություններին:
Սիրելի՛գորիսեցիներ, չարությունը, սուտը, կեղծիքն ու ատելությունը տեղ չունեն մեր գործելաոճում:
Դրանք պետք է արմատախիլ անել մեր բոլոր գորիսեցիների, նաև համայն հայության մտքից և հոգուց։
Մեզ համար երբեք չեն եղել և չեն կարող լինել մերոնքականներ ու ձերոնքականներ, չեն կարող լինել արտոնյալներ ու ոչ արտոնյալներ, մենք շարունակելու ենք մեր սկսած գործը՝ հավատարիմ մնալով դեռևս 2017 թվականից որդեգրած` մեր ծննդավայրի, Սյունյաց աշխարհի, մեր հայրենիքի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացմանն ու պետականաշինության անդավաճան գործին:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն գորիսեցիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր դաշինքին, ովքեր հավատացին Գորիս համայնքը միասին կառուցելու, շենացնելու մեր պատրաստակամությանը, ովքեր չդավաճանեցին սյունեցու և գորիսեցու հազարամյակների ազնվացեղ ոգուն ու գենետիկ հիշողությանը:
Արդեն իսկ համոզվել եք, որ ես և իմ թիմակիցները պատրաստ ենք անեշեղորեն և աներկբա հաղթահարել ցանկացած խոչընդոտ՝ ամեն օր մի նոր բան կառուցելու մեր ազնիվ ձգտումով:
Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև բոլոր այն հայրենակիցներիս, որոնք չլինելով գորիսեցի ուշիուշով հետևեցին ընտրական գործընթացներին՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս:
Մեզ համար բացարձակ արժեք է աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր սյունեցի, յուրաքանչյուր գորիսեցի, որն իր մեջ կրում է հայու գենը, հավատարիմ է մեր տեսակին և պատրաստ է մեզ հետ մարտնչելու, պայքարելու՝ հանուն պայծառ գալիքի, հանուն հայապահպանության ու սերունդներին ավելի հզոր ու պաշտպանված հայրենիք կտակելու մեր արդար գործի:
Այսօր շատերն են խոսում հայրենիքի ու հայրենասիրության մասին, բայց քչերն են գործում ի սեր և ի շահ հայրենիքի: Հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի զգացումը, հայրենասիրությունը սկսվում է ինքնաճանաչումից, Աստծո հանդեպ ունեցած անկեղծ հավատից, սեփական հողի վրա սեփական տանիք ու ընտանիք ունենալու ինքնաբուխ մղումից:
Եկե՛ք միասին, մեկ բռունցք դարձած կառուցենք և շենացնենք մեր մեծ ընտանիքը՝ մեր երազանքների Գորիս համայնքը:
Աստված պահապան բոլորիս:
Երևան, 18-ը հոկտեմբերի, 2021թ.
Հ․ Գ․ Սիրելի՛ հայրենակիցներ, Առուշ Առուշանյանն իր շնորհակալական նամակը գրել է դեռ հոկտեմբերի 17-ին, սակայն հասկանալի պատճառներով այն Ձեզ ենք ներկայացնում փոքր-ինչ ուշացումով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր