ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Հուսով եմ՝ ՀՀ իշխանությունը կարող է հոդաբախշ բացատրություն տալ». Վարդան Բալյան
16:42, 23.10.2021 | mamul.am
3479 | 2

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական և ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ նախապատրաստվում է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ հանդիպում Մոսկվայում նոյեմբերի 8-9-ին, որտեղ սպասվում է եռակողմ հայտարարության ստորագրում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մասին:
Հիշեցնեմ, որ օրեր առաջ տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների վիդեֆորմատով հանդիպում, որտեղ երեք երկրների ղեկավարների ելույթների հիմքով արդեն կարելի էր նման կանխատեսում անել: Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի քանի խորհրդանշական ու կարևոր հանգամանքների վրա:
Իր խոսքում Ալիևն այդ ժամանակ հայտարարեց՝ մենք պատրաստ ենք սկսել Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի մասին բանակցություններ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով:
...Մենք պատրաստ ենք սկսել բանակցություններ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ: Ադրբեջանը, որպես հաղթող երկիր, պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը: Հուսով ենք, Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը:
Ռուսաստանի նախագահ Պուտինն իր հերթին շեշտադրում արեց, որ ԱՊՀ առանցքային դերակատարումը կայանում է հենց նրանում, որ ապահովվեն պայմաններ խաղաղ գործակցության և համատեղ աշխատանքի համար հանուն մասնակից երկրների բարգավաճման և զարգացման, նրանց քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման:
Հետագա օրերին ռուս, ադրբեջանցի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից ակնհայտ էր, որ հարաբերությունների կարգավորման հարթակը փաստացիորեն Մինսկի խմբի ֆորմատից տեղափոխվել է ԱՊՀ-ի ձևաչափ: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերջին հայտարարությունները բառացիորեն արձանագրում են հենց այդ իրողությունը:
Ընդհանրապես, պետք է փաստենք, որ Արցախյան խնդրի լուծումը ԱՊՀ դաշտ տեղափոխվել էր դեռ 44-օրյա պատերազմից առաջ, ինչի մասին կխոսենք առանձին գրառման շրջանակներում: Ամեն դեպքում, հուսով եմ, Հայաստանի ներկա իշխանությունը կարող է հոդաբախշ բացատրություն տալ վերոնկարագրյալ իրավիճակի կապակցությամբ: Խոսքը վերաբերում է նաև ԱԺ-ում ներկայացված ընդդիմությանը, քանի որ նրանք էլ են քաղաքական իշխանության մաս»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր